Գլխավոր Միջոցառումներ ՌՀՄԱԿ նոր մոդուլային վարժահամալիրը պատրաստ է (լուսանկարներ)

ՌՀՄԱԿ նոր մոդուլային վարժահամալիրը պատրաստ է (լուսանկարներ)

297
Տարածել

Այսօր, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացված «Վթարա-փրկարարական աշխատանքները փլատակներում, քանդված շենքերում եւ շինություններում» ցուցադրական վարժանքով ազդարարվեց՝ ՌՀՄԱԿ նոր մոդուլային վարժահամալիրը պատրաստ է: Ցուցադրական վարժանքին հետեւում էին Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանը, ՌՀՄԱԿ ղեկավարությունը եւ գործընկեր կառույցների ներկայացուցիչները:

«Վթարա-փրկարարական աշխատանքները փլատակներում, քանդված շենքերում եւ շինություններում» ցուցադրական վարժանքին մասնակցում էր ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» (ՀՆՓԱԻԿ) 6 փրկարար, որոնցից մեկը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրիատի շրջանավարտ, մագիստրատուրայի ուսանող, փ/ծ ենթասպա Մարինե Սլոյանն էր: Վարժանքին նախորդել էր նույն թեմայով 36-ժամյա դասընթաց: ՌՀՄԱԿ համատնօրեն Յուրի Պոլեշչուկի խոսքով, Մարինե Սլոյանը լավագույններից մեկն է: Վարժանքի ժամանակ փրկարարները փլված շենքի վերեւի հարկերից եւ ծխապատ տարածքից տարհանեցին տուժածներին:

Ցուցադրական վարժանքի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: ՌՀՄԱԿ տնօրեն Պավել Գյոզալյանը հույս հայտնեց, որ վերապատրաստված փրկարարները գիտելիքները կփոխանցեն իրենց գործընկերներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. ՌՀՄԱԿ նոր մոդուլային վարժահամալիրի հնարավորությունների մասին կարդացեք այստեղ: