Գլխավոր Վերլուծություն ՌՀՄԱԿ նոր մոդուլային համալիրում փրկարարների վերապատրաստումը կսկսվի հուլիսից

ՌՀՄԱԿ նոր մոդուլային համալիրում փրկարարների վերապատրաստումը կսկսվի հուլիսից

314
Տարածել

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» ավարտվել է մոդուլային խցիկների տեղադրումն ու կառուցումը, եւ այժմ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների փրկարարական ստորաբաժանումներից ժամանած մասնագետները կատարում են փորձարկման աշխատանքներ։

Աշխատանքային խմբի ղեկավար, հրահանգիչ-մեթոդիստ Ալեքսանդր Դռուգովի խոսքով՝ նման համալիրներ բազմաթիվ երկներում կան, փրկարարների պատրաստությունը կատարվելու է՝ ըստ վերջիններիս աշխատանքային փորձի։ Նախատեսվում է բազային հմտություններից մինչեւ խորացված մասնագիտական ուսուցում։ Այս ամենը թույլ կտա հրշեջ-փրկարարին պահպանել լավ մարզավիճակը։

ՌՀՄԱԿ-ի 5-6 հրահանգիչ արդեն անցել է մոդուլների շահագործման դասընթաց, ներկայումս կատարվում է ֆոտո եւ վիդեոնկարահանում՝ շահագործման մեթոդաբանությունը վերջնական մշակելու եւ ուսումնական նյութեր կազմելու համար։

Փրկարարների հետ պարապմունքները կսկսվեն հուլիսից։ Ուսումնական ծրագիրը ներառում է ալպինիստական գործիքներով բարձրության վրա աշխատանք, հիդրավլիկ, պնեւմատիկ եւ մեխանիկական գործիքներով աշխատանք, վտանգավոր արտանետումների չեզոքացում եւ հետեւանքների վերացում։

ՌՀՄԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Աղաբաբյանի խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվելու անվտանգության կանոնների պահպանմանը։ Օպերատորական կետում դրված տեսախցիկների եւ ուսման կուրսն անցնող փրկարարին տրված անհատական ջերմազգայուն տվիչների միջոցով վերահսկվելու է փրկարարի ինքնազգացողությունը։ Նախքան խցիկը մտնելը նա անցնելու է բուժզննում, կատարելու է ֆիզիկական վարժություններ։

Մոդուլային համալիրը հնարավորություն է տալիս առնչվելու իրականին մոտ ամենատարբեր իրավիճակների, օրինակ, ինչպես մսաղացի, աղացող հաստոցի կամ այլ մեխանիզմի միջից անվնաս դուրս բերել տուժածի վերջույթը, տարհանել հորանն ընկած մարդուն, աշխատել տարբեր բարդության փլատակներում, բարձրության վրա անցնել մի կետից մյուսը, դադարեցնել տարբեր մեծության անցքերից ու ճեղքերից քիմիական արտանետումների արտահոսքը եւ այլն։ Լուսավորության համակարգը թույլ կտա որոշ պարապմունքներ անցկացնել օրվա մութ ժամերի․ դրանով փրկարարը կսովորի ինքնակազմակերպվել ցանկացած էքստրեմալ իրավիճակում։

Մոդուլային վարժահամալիրը նաեւ այլ հեռանկարներ է բացում։ «Կարելի է հրշեջ-կիրառական սպորտը զարգացնել։ Փրկարարական ջոկատների միջեւ մրցույց կհայտարարենք ու կընտրենք լավագույններին․ դա նրանց համար լրացուցիչ մոտիվացիա կլինի։ Իսկ բազմաֆունկցիոնալ կացարանային եւ լսարանային համալիրի կառուցումից հետո՝ սեպտեմբերին, սկսենք ուսումնական ծրագիր ոչ միայն մեր փրկարարների, այլ նաեւ՝ «Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության» մասնագետների համար»,- ամփոփեց Արթուր Աղաբաբյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի