Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌՀՄԱԿ օգնությամբ. Խոշոր հրդեհների մարման նորարարական մեթոդներ

Վերապատրաստում ՌՀՄԱԿ օգնությամբ. Խոշոր հրդեհների մարման նորարարական մեթոդներ

413
Տարածել

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» (ՌՀՄԱԿ) 2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հունիսի 12-17-ն անցկացվում է «Քաղաքային բնակավայրերի պայմաններում խոշոր հրդեհների մարման նորարարական մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Մասնակցում է 14 փրկարար՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզային եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչություններից, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից»։ Դասախոսում են Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության պետական հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման ամբիոնի դասախոսներ Ռուսլան Գարիֆուլինն ու Մաքսիմ Բեսկովը, «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից»՝ Օլեգ Մեշկովը եւ Եվգենի Պովարովը։

Հունիսի 13-ին գործնական դասն Արզնու ձորում գտնվող կիսակառույց շենքում եւ հարակից տարածքում էր։ Մեզ հետ զրույցում փոխգնդապետ Ռուսլան Գարիֆուլինը նշեց, որ աշխարհում աճում է մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքների թիվը, քաղաքներն աճում են ուղղահայաց, ավելանում է բարձրահարկ շենքերի քանակը։ Մեկշաբաթյա դասընթացի ժամանակ շեշտը դրվելու է բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման հիմնական խնդիրների ու դժվարությունների հաղթահարման վրա՝ ինչ մեքենաներ եւ քանի մարտական հաշվարկ կիրառել, ինչ անել, եթե տարածքում ջրավազան չկա եւ այլն։

Ծրագրով նախատեսված են նաեւ այլ թեմաներ՝ ծխապատ գոտում հրդեհաշիջման կազմակերպում, տուժածների որոնում, տակտիկական օդափոխության կազմակերպում եւ այլն։

«Տեսականը զրոյական է առանց գործնականի։ Փորձելու ենք խտացնել ու ներկայացնել հրդեհաշիջման հնարավոր մեթոդները։ Հայ փրկարար սպաները ոլորտում նորեկ չեն, վստահ եմ՝ ամեն ինչ հարթ կընթանա։ Կարեւորն այն է, որ նրանք իրենց գիտելիքը փոխանցեն կրտսեր անձնակազմին եւ շարունակեն դրանք կատարելագործել վարժանքների ժամանակ»,- ամփոփեց ռուս մասնագետը։

Տեղանքում կիրառվեց նաեւ դրոն՝ հետախուզական նպատակով։ Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձնեն:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի