Գլխավոր Վերլուծություն Գարեգին Հակոբյան. Փրկարարական վարչությունը մեր երկրորդ տունն է

Գարեգին Հակոբյան. Փրկարարական վարչությունը մեր երկրորդ տունն է

932
Տարածել

Մայիսի 18-ին այցելեցինք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն։ Հաջորդ առավոտյան Մարտունու բժշկական քոլեջում հատուկ տակտիկական վարժանք էր նախատեսված, եւ ղեկավար կազմը նախապատրաստական աշխատանքով էր տարված։ Վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանի հետ զրուցեցինք վերջին տարիներին վարչության ձեռքբերումների եւ առաջիկա պլանների մասին։

Ուսուցումից մինչեւ ստորաբաժանումներում ընթացող շինարարություն՝ ասելիքը շատ է։ Պետական ֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգվել են Գավառի, Ճամբարակի եւ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատները։ Վերջին տարում Ճամբարակի եւ Վարդենիսի ՀՓՋ-ները ստացել են երկու ամենագնաց «Ուրալ», Վարդենիսի ՀՓՋ-ն՝ «ՈՒԱԶ պատրիոտ», մարզային փրկարարական վարչությունը՝ «Կամազ» մակնիշի ամենագնաց եւ շտապօգնության մեքենաներ։ Գարեգին Հակոբյանը հատկապես կարեւորեց շտապօգնության մեքենայի անհրաժեշտությունը, քանի որ լողասեզոնին ճանապարհատրանսպորտային պատահարները կրկնապատկվում են, եւ արագ արձագանքման ցանկացած միջոց կարող է մարդու կյանքը փրկել։ Սերտ է համագործակցությունը մարզային բոլոր ծառայությունների հետ, մասնավորապես՝ բուժկենտրոնների․ պարբերաբար կազմակերպվում են համատեղ վարժանքներ։

Վարչությունն ապահովված է անհրաժեշտ գույք-սարքավորումներով, այդ թվում՝ օդային եւ ստորջրյա դրոններով: Ներկայումս օդային դրոնն օգտագործվում է մարզի անտառների ուսումնասիրության գործում՝ հնարավոր հրդեհները կանխելու նպատակով։

«Մարզպետի որոշմամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել, որը զբաղվում է հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներով։ Մինչեւ հրդեհավտանգ սեզոնն ուսումնասիրում ենք մարզի վտանգավոր անտառային հատվածները, որտեղ հնարավոր է լայնամասշտաբ հրդեհ, ներկայացնում ենք մեր առաջարկները հակահրդեհային նշանակության ճանապարհների մաքրման, ջրաղբյուրների բացման վերաբերյալ։ Վերջին շրջանում «Սեւան» ազգային պարկը լճափնյա հատվածներում սանիտարական մաքրման մեծ աշխատանք է տարել»,- մանրամասնեց փոխգնդապետը։

Բացի անտառային գոտուց՝ դրոններն օգտագործվում են նաեւ որոնողափրկարարական եւ հետախուզական աշխատանքում։ Գարեգին Հակոբյանի խոսքով՝ լողասեզոնին արձագանքման մակարդակն ավելի կբարձրանա, եթե հնարավոր լինի ձեռք բերել նաեւ իրեր տեղափոխող ԱԹՍ, որի միջոցով փրկարարը կկարողանա ճշգրիտ կոորդինատներով փրկօղակ հասցնել ջրահեղձվողին։ Փոփոխություններ են նախատեսվում նաեւ Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատում։ Ամերիկյան ծրագրի շրջանակում ջրափրկարարները շուտով կունենան նոր վարչական շենք, որը նույնպես կօգնի ծառայության կազմակերպման բարելավմանը։ Տարածքն արդեն հատկացվել է։

Ջոկատների տեխնիկական եւ գույքային համալրման մասով օժանդակում են տարբեր կառույցներ՝ «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը», որը ջրափրկարարական ջոկատին տրամադրել է մոտորանավակներ, «Հայկական կարմիր խաչի» ընկերությունը, որը ցանկանում է գույքով ապահովել Արտանիշի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը եւ այլն։

«Չկա մի ոլորտ, որտեղ չհամագործակցենք։ Հատուկ ուշադրություն ենք դարձնում երեխաների ուսուցմանը՝ մանկապարտեզից մինչեւ բուհ։ Տեսականն ու գործնականը զուգորդելով՝ սովորեցնում ենք՝ ինչպես պաշտպանվել տարբեր արտակարգ իրավիճակներում։ Լինում են դեպքեր, երբ երկար դասախոսությունից հետո երեխաներն ավելին են պահանջում (ժպտում է. հեղ․)։ Մեզ համար կարեւոր է, որ նրանք լավ հասկանան՝ ինչ է քաղաքացիական պաշտպանությունը։ Պատերազմից հետո մեր սահմանամերձ համայնքների թիվն ավելացել է, դրա հետ մեկտեղ մարդիկ սկսել են անվտանգության հարցին ավելի լուրջ վերաբերվել։ Համայնքային վարժանքները դրա ապացույցն են»,- հավելեց Գարեգին Հակոբյանը։

Փրկարարների մասնագիտական պատրաստությունը վարչության առաջնահերթություններից է։ Ծառայողները պարբերաբար մասնակցում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» կազմակերպած դասընթացներին։ Այս պահին վարչությունը ներկայացրել է իր թեկնածուները՝ ՌՀՄԱԿ-ի օգնությամբ Ռուսաստանում վերապատրաստվելու նպատակով։ Վերապատրաստվածները փորձը փոխանցում են մյուսներին։

Վարչության հպարտությունը բազմակի մեդալակիր ծանրամարտիկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Սարգիս Միրիբյանն է։ Նրա համար սպորտային միջավայր են ստեղծել, որ հենց աշխատանքի վայրում մարզվի եւ լավ մարզավիճակում մնա։ Հերթափոխից ազատ ժամանակ պարապմունքն ավելի բազմամարդ է դառնում։ Վարչությունն իրենց երկրորդ տունն է՝ ամփոփեց փրկարարը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի