Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 449 կանչի են արձագանքել

Փրկարարները 449 կանչի են արձագանքել

102
Տարածել

2023 թվականի մայիսի 8-14-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 449 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 61 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 15 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 187 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Էրեբունի, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Նոր նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 25 կանչ է ստացվել: 13 դեպքում փրկարարները հայտնաբերել եւ բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 16 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 28 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակչության պաշտպանու­թյան միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը համաճարակի հանգեցնող վարակիչ հիվան­դության ծագման դեպքում», «Բնակչու­թյան ազդարարում, տարհանում պատսպարում», «Հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը նախադպրոցական հաստատություններում», «Հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին օգնություն», «Հրդեհա­շիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը թռչնաբու­ծական ֆաբրի­կայում», «Արտակարգ իրևավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ անձնակազմի տարհանման եւ պատսպարման գործողությունները» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: