Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 416 կանչի են արձագանքել

Փրկարարները 416 կանչի են արձագանքել

90
Տարածել

2023 թվականի ապրիլի 17-23-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 416 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 62 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 25 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 171 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր նորք, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Սյունիքում, Լոռիում, Արմավիրում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 9 կանչ է ստացվել: 7 դեպքում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 20 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 25 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Բնակչության  ազդարարում, տարհանում, պատսպարում», «Ատոմակայանի միջուկային (կամ) եւ ճառագայթային վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացումը գինու գործարանում», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարում, տարհանում եւ պատսպարում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: