Գլխավոր Վերլուծություն UNICEF. Զինված հակամարտությունները նվազեցնում են մաքուր ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը

UNICEF. Զինված հակամարտությունները նվազեցնում են մաքուր ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը

176
Տարածել

Մարտի 22-ի՝ ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը (UNICEF), ներկայացրել է նոր զեկույց, որի համաձայն՝ աֆրիկյան 10 երկրում ապրող 190 միլիոն երեխա գտնվում է անբավարար ջրային ռեսուրսների ու սանիտարահիգիենիկ պայմանների, դրանցից բխող հիվանդությունների եւ կլիմայական վտանգների ռիսկի տակ:

Այս եռակի սպառնալիքն առավել սուր է Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կամերունում, Չադում, Կոտ դ’Իվուարում, Գվինեայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում եւ Սոմալիում, ինչը Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկան դարձնում է աշխարհի ամենաանապահով ջրային եւ կլիմայական ուժեղ ազդեցության ենթարկված տարածաշրջանը:

«Ահեղ փոթորիկները, ջրհեղեղները եւ պատմական երաշտներն արդեն ոչնչացնում են տները, ենթակառուցվածքները, աղտոտում են ջրային ռեսուրսները, դառնում սովի պատճառ եւ տարածում հիվանդություններ: Որքան էլ շատ են ներկայում մարտահրավերները, առանց շտապ գործողությունների ապագան կարող է շատ ավելի մռայլ լինել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի տնօրեն Սանջայ Վիջեսեկերան:

Ըստ վերլուծության՝ նշված երկրներում երեխաների գրեթե մեկ երրորդի տանը ջուր չկա, իսկ երկու երրորդը չունի տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Երեխաների մեկ քառորդը բնական կարիքները հոգում է դրսում: Ձեռքերի հիգիենան նույնպես խնդիր է, երեխաների երեք քառորդը չի կարողանում լվանալ ձեռքերը հոսող ջրի եւ օճառի բացակայության պատճառով: Արդյունքում՝ 10 երկրից 6-ում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է խոլերայի բռնկում: Աշխարհում մինչեւ հինգ տարեկան ավելի քան 1000 երեխա ամեն օր մահանում է անբավարար հիգիենայի հետ կապված հիվանդություններից:

Այս թեժ կետերում կլիմայի եւ շրջակա միջավայրի վտանգների ազդեցության ռիսկի ամենաբարձրն է աշխարհում: Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում ջերմաստիճանը համաշխարհային միջին ցուցանիշից բարձանում է 1,5 անգամ ավելի արագ: Ստորերկրյա ջրերի մակարդակը նույնպես նվազում է, ինչի պատճառով որոշ համայնքներ ստիպված են երկու անգամ ավելի խորությամբ հորեր փորել, քան մեկ տասնամյակ առաջ: Բացի դրանից՝ տեղումները դարձել են ավելի անկանոն եւ ինտենսիվ՝ հանգեցնելով ջրհեղեղների, որոնք աղտոտում են ջրի առանց այն էլ սակավ պաշարները:

Տուժած երկրներում ընթացող զինված հակամարտություններն ավելի են խորացնում ճգնաժամը՝ նվազեցնելով մաքուր ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը երեխաներին: Օրինակ, Բուրկինա Ֆասոյում հաճախակի են դարձել ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումները: 2022-ին հարձակման է ենթարկվել 58 ջրային կետ, այն դեպքում, երբ 2021-ին դրանց թիվը եղել է 21, 2020-ին՝ 3: Ավելի քան 830 000 մարդ, որոնց կեսից ավելին երեխաներ են, վերջին մեկ տարում զրկվել է խմելու մաքուր ջրից:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ