Գլխավոր Վերլուծություն Ոչ ֆորմալ կրթության փետրվարի ծրագրերը

Ոչ ֆորմալ կրթության փետրվարի ծրագրերը

440
Տարածել

Փետրվարի 19-ին հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ոչ ֆորմալ կրթության փետրվարի ծրագրերը նվիրված էին Հովհաննես Թումանյանին:

Փետրվարի 19

ՃԿՊԱ հայոց լեզվի եւ գրականության դասախոս Մարինե Կարապետյանի նախաձեռնությամբ ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի 15 ուսանող Թումանյանին նվիրված միջոցառում էին կազմակերպել՝ դասախոսների եւ իրենց կուրսընկերների համար:

Սկսեցին Թումանյանի խոսքով. «Իմ մանկությունը անցել է մի աստվածային շռայլության մեջ։ Լոռվա գեղեցիկ բնությունը, անմահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական, գյուղական կյանքի ազատությունը, հավասարությունը, որը կար հին գյուղական կյանքում, բոլորն միատեսակ էին ապրում, ուտում, խմում ու իրար հետ», հիշեցին մեծ բանաստեղծի առաջին սիրո մասին, նրա՝ «Ամենայն հայոց թամադա», «Ամենայն հայոց որբերի հայր», «Ամենայն հայոց բանաստեղծ» ժողովրդական «կոչումների» մասին, պատմեցին Հայոց ցեղասպանությունից հետո Թումանյանի գործունեության մասին, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացած Թումանյանի սիրտը Հայաստան բերելու եւ հարազատ գյուղում հողին հանձնելու մասին:

Փետրվարի 23

ՃԿՊԱ հայոց լեզվի եւ գրականության դասախոս Սիլվա Բաղդասարյանի նախաձեռնությամբ ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները Հովհաննես Թումանյանին նվիրված մեկ այլ ցերեկույթ ներկայացրեցին:

Թումանյանական շունչն ու ոգին, հայրենասիրական գաղափարները, վատը ներելու, լավը տեսնելու խորհուրդը ուսանողների շուրթերին էր եւ ունկնդիրների ականջներին:

Հանճարեղ լոռեցու քառյակները, զարկված ու զրկված հայրենիքի նոր ու հզոր ապագային հավատացող Թումանյանի մտքերը, բոլոր ժամանակաների համար արդիական, երբեք չխամրող թումանյանական գործերը ուսանողների շուրթերից նորովի հնչեցին:

Օրինակ. «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը ունկնդիրներին է փոխանցում այն վիշտն ու ցավը, որ ապրել է հայ ժողովուրդը: Բայց հայի ոգին անկոտրում է, հաղթական եւ անպարտելի, ու հայը հավատում է Թումանյանին.

«Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերին անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով»:

Տաղանդավոր գրողի ստեղծագործություններում իրենց տեղը գտած ազգային բարքերն ու ծեսերը դուրս չէին մնացել ուսանողների ուշադրությունից. Նրանք բեմականացրին «Անուշ» պոեմից մի փոքրիկ դրվագ՝ ընդգծելով դարերի խորքից եկող հայ մարդու՝ իր արմատներին կառչած մնալու եւ հայկական մշակույթը կրողի անհատական կերպարը:

«Անուշ» եւ «Ալմաստ» օպերաներից հատվածական լսումները հաստատեցին գրականության եւ երաժշտություն անխզելի կապը: