Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 378 կանչի են արձագանքել

Փրկարարները 378 կանչի են արձագանքել

178
Տարածել

Դեկտեմբերի 5-11-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 378 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 53 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 170 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան վարչական շրջաններում, Շիրակում, Կոտայքում, Տավուշում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 25 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 44 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Աղետների դիմակայության օր», «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին», «Տարհանում», «Երկրաշարժ․ տարհանում․ տուժածների դուրսբերում եւ առաջին օգնության ցոցաբերում», «Բնակչության պաշտպանության կազմա­կերպումը երկրաշարժի դեպքում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը», Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը գազալցա­կայաններում», «Օդային տագնապի դեպքում բնակչության տարահանում եւ պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ եւ դասախոսություններ: