Գլխավոր Նորություններ ԳՈԲԵԼԵՆԻ ՄԵՋ ԹԱՔՆՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ

ԳՈԲԵԼԵՆԻ ՄԵՋ ԹԱՔՆՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐ

911
Տարածել

Անհայտ կորածը կգտնի տունդարձի ճանապարհը

«Թուրքերի մեջ եմ մեծացել, աչքս բացել, աղետ եմ տեսել: Ստալինի մահից հետո ադրբեջանցին սկսեց Կիրովաբադի հայոց մասում տներ առնել: Բերեց, քթներիս տակ ալյումինի գործարան շինեց, որ փոշուց խեղդվենք: Հիշում եմ՝ պատերազմից հետո, մաշված հողաթափերը հագիս (ո՞վ էն ժամանակ կոշիկ ուներ), գերեզմաններով դպրոց էի գնում: Տարիներ հետո հասկացա, որ ոտքերիս տակ հայերի տապանաքարեր էին՝ խաչքարեր, որոնցով թուրքը ճանապարհ էր գցել»,- իր կյանքի պատմությունը սկսում է Արցախյան պատերազմում անհայտ կորածի մայր, մանկավարժ Կիմա Ասլանյանը:

Երկու ամուսնությունից երեք զավակ է ունեցել: Ավագը՝ Վազգենը, պատերազմի դաշտից այդպես էլ չվերադարձավ: Միակ մխիթարանքը կրտսերի՝ Գևորգի երեխաներն են, որոնց հետ տատն անցկացնում է ժանանակի մեծ մասը:

Վազգենը սպա էր, Նիկոլաևի շրջանի զինվորական ուսումնարանի շրջանավարտ, աշխատում էր Կոտայքի մարզի Լուսակերտի զորամասում: Մի օր նստել էր մոր կողքին ու հայտնել, որ պատերազմ է գնում: Մինչ կամավորների ուղղաթիռի ժամանելը վերջին անգամ մեկ ձեռքով դաշնամուր էր նվագել,  տան անդամներին հրահանգել խոհանոցը չվերանորոգել մինչև իր վերադարձը: 1992 -ի փետրվարին «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կամավորը, նռնակը ձեռքին, Սարսանգի և Թարթառի շրջանում միայնակ ջախջախել էր «Գորշ գայլերի» խմբին, վիրավորվել: Այդ օրից ընտանիքը նրա մասին լուր չունի. «Դպրոցում էի, պատուհանից տեսա, որ փոքր տղաս բակով հետուառաջ է անում, սիրտս վատ բան կանխազգաց: Ամենուր փնտրել ենք, ոչ մի բանտում չկա. չորս կողմը լռություն է: Երբեմն մտածում եմ՝ ազգանունն է փոխել, այդ միակ հույսով եմ ապրում: Նույնիսկ խոհանոցին ձեռք չենք տվել»:

Բակում Վազգենին կատակով «շտապօգնություն» էին կոչում. դիմացինի խնդրանքը մերժել չգիտեր: Միշտ ուշադիր էր շրջապատի հանդեպ: Մայրը ժպիտով մտաբերում է, թե ինչպես էր որդին իրեն նախատել հին կոշիկներով փողոց դուրս գալու համար և հաջորդ պահին տուն մտել՝ մի նոր զույգ ձեռքին: Եղել է՝ մանկահասակ քույրն ու եղբայրը նրա խնամքին են մնացել. լողացնում էր ծնողի պես, տանում նկարչական դպրոց կամ մանկապարտեզ:

Մեղվապահ Գևորգն էլ եղբորից պակասը չէ, դեռ պատանի հասակում ինքնաշեն զենք ուներ. հաճախ էր քրոջ մոտ գլուխ գովում, մի օր նույնիսկ սխալմամբ «պառավոյին» էր կրակել: Ամեն անգամ սահմանային լարվածության մասին լսելիս ոտքերն ակամա դեպի խրամատ են տանում: «Ո՞վ է պատերազմ սկսում. ագահ քաղաքական գործիչները, որոնք փորձում են իրենց մեղքերը կոծկել»,- ցասումն աչքերում՝ ամփոփում է կինը՝ հույսով, որ կորած որդին անպայման կգտնի տան ճանապարհը:

Կիմա տատն ու մյուսները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագրի շահառուներ են: Երկու տարի առաջ անհայտ կորած և նահատակված անձանց հիշատակի ազգային օրը՝ հունիսի 29-ին, կազմակերպությունը Տաթև վանական համալիրում ներկայացրել էր «Գոբելենի մեջ թաքնված նամակներ» խորագրով ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը, որոնք ստեղծել էին Արարատի մարզում բնակվող 9 կանայք: Մասնակիցների խոսքով՝ նման նախաձեռնությունը թույլ տվեց արվեստի միջոցով լրացնել տարիների սպասումից ստեղծված դատարկությունը և ևս մեկ անգամ հիշեցնել հանրությանն իրենց գոյության մասին: «Այս ընտանիքների համար շատ կարևոր է իրենց սիրելիների հիշողությունը վառ պահելը: 2011-ից աջակցում ենք անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական, հոգեբանական, իրավական, տնտեսական հարցերում: Այսօրինակ ծրագրերի շրջանակում է ծնվել տարատեսակ հմտությունների և կարողությունների զարգացման դասընթացների գաղափարը: Դասերը կազմակերպվում են՝ նկատի ունենալով մարդկանց նախասիրությունները»,- նշել էր ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Վերջերս Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում իրենց աշխատանքները ներկայացրին նաև Երևանի և Կոտայքի մարզի անհայտ կորածների հարազատները: Համակարգող Նունե Մելիքյանի խոսքով՝ գոբելենն ու կարպետագործությունն օգնում են նրանց լիցքաթափվել, մի պահ մոռանալ տարիների վիշտը և արտահայտել զգացմունքները: Թեմատիկան տարբեր էր՝ հայկական եկեղեցիներ, ծաղիկներ, մուլտհերոսներ. ներկայացուցիչը զարմանքով նկատում է, թե ինչպես է տասնյակ տարիներ պատերազմի ծանրությունն ուսերին կրող այս կանանց հաջողվել սև ու սպիտակ թղթի վրա գույն ստանալ:

Նշենք, որ ներկայումս գրանցված է մոտ 4600 անհայտ կորած անձ, որոնցից 400-ը՝ Հայաստանից, 480-ը՝ Արցախից: Շատ ընտանիքներ հրաժարվում են իրենց անհայտ կորած հարազատի համար զոհվածի կարգավիճակ ստանալ, ինչն իրավական առումով տարբեր խնդիրներ է ստեղծում: 2015-ից սկսած՝ Կարմիր խաչի նախաձեռնությամբ հարազատներից հավաքագրվում են գենետիկ նմուշներ՝ ԴՆԹ-ը պարզելու նպատակով: Արտաշիրիմման հնարավորության դեպքում դրանք կօգտագործվեն մասունքների նույնականացման նպատակով:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆԻ