Գլխավոր Վերլուծություն 9 տարի՝ եռամարտիկների կողքին․ Սեւանի ջրափրկարարների առօրյան

9 տարի՝ եռամարտիկների կողքին․ Սեւանի ջրափրկարարների առօրյան

1221
Տարածել

Սեպտեմբերի 4-ին «Կապուտակ Սեւան» լողափում կայացավ Savage of Sevan տրիաթլոնի ամենամյա առաջնությունը, որին մասնակցում էր 60 հոգի։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կազմակերպիչները միջոցառման անվտանգությունը վստահել էին ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատին։ 1,9 կմ ձգվող լողի մրցման ընթացքում արտակարգ դեպքեր չեն գրանցվել։ Հերթապահությունն իրականացվել է 2 մոտորանավակով, վերջին լողորդն ափ է հասել մոտ 1 ժամ 20 րոպեում։

Savage of Sevan նախաձեռնության համահիմնադիր Առնո Մոսիկյանի խոսքով՝ 9 տարի շարունակ անցկացվում է տրիաթլոնի առաջնություն, եւ ջրափրկարարների զգոնության շնորհիվ ամեն ինչ բարեհաջող է ընթացել։ Մասնակիցների մեջ կան պրոֆեսիոնալ եւ ոչ այնքան արհեստավարժ լողորդներ։ Վերջիններս թիրախային խմբում են, ջրափրկարարները նրանց հետեւում են հատուկ ուշադրությամբ։

Այս տարի կային բավական մեծ թվով նորեկներ թե՛ էստաֆետային թիմերում, թե՛ անհատ լողորդների մեջ: Սեւանա լիճը ոչ ոքի անտարբեր չի թողել, ինչի մասին վկայում են հարյուրավոր արձագանքներն ու սոցցանցային գրառումները։

Առնո Մոսիկյանը հպարտանում է՝ իրենց շնորհիվ տարեցտարի լողն ու հեծանվավազքն այնքան սիրվեցին ու տարածվեցին, որ Հայաստանում արդեն հանրապետական մրցաշարեր են կազմակերպվում։ Առաջիկայում՝ սեպտեմբերի 10-ին, Savage of Sevan-ը նախատեսում է կարճ տարածությամբ տրիաթլոնի ընտանեկան մրցաշար ՝ 100 մետր լող, 10 կմ հեծանվավազք, 2 կմ վազք։ Մարդիկ առողջ կենսակերպի անցնելու եւս մեկ մոտիվացիա կունենան։

Նախաձեռնության գերնպատակն է Սեւանա լիճ բերել սպորտային միջոցառումներ կազմակերպող, աշխարհահռչակ IRONMAN բրենդը, որի մրցաշարերին մասնակցում է 2-3 հազար մարդ։ Եթե սա հաջողվի, մեծ տնտեսական ազդեցություն կունենա Գեղարքունիքի մարզի հյուրանոցային ոլորտի եւ Սեւանա լճի էկոհամակարգի վրա։

IRONMAN մրցաշարում չափորոշիչներն այլ են՝ 3,8 կմ լող, 180 կմ հեծանվավազք, 41,2 կմ մարաթոնային վազք։ Հայաստանն աշխարհին ներկայացրել է տասնյակ եռամարտիկների, որոնք արժանացել են IRONMAN-ի կոչման։ Կազմակերպչի խոսքով՝ մեր երկիրը նման միջոցառումներ հյուրընկալելու մեծ ներուժ եւ անվտանգության երաշխիքներ ունի՝ ի դեմս ջրափրկարարների։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Առնո Մոսիկյանը