Գլխավոր Միջոցառումներ Ջրափրկարարներն օգնության են հասել լողորդներին

Ջրափրկարարներն օգնության են հասել լողորդներին

567
Տարածել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հարակից լողափում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։ Հայտագրվել էր ավելի քան 130 մարդ։ Կանայք մրցեցին 1000, տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածությունում՝ երկու տարիքային խմբով։

Լողորդների անվտանգությունն ապահովում էր Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը, ընդհանուր՝ 13 փրկարար, 6 մոտորանավակ եւ մեկ նավակ։ Հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին երեկվանից։ Տեղադրվել էին 23 լողանշան եւ սահմանազատող նշաններ։ Լողորդների անվտանգությունից ելնելով՝ մրցուղին նախագծվել էր ափի երկայնքով, խորությունը չէր գերազանցում 4 մետրը։ Այդուհանդերձ մրցույթի կեսից  ջրափրկարարներն օգնության կանչով մոտ 15 հոգու դուրս բերեցին ջրից։ Ոմանք սառել էին ու ունեին ջղաձգումներ, մեկ հոգի գանգատվում էր շնչային անբավարարությունից։ Բոլորին ցուցաբերվեց համապատասխան օգնություն։ Տարածքում հերթապահում էր շտապօգնության մեքենան։

Լողի մրցաշարին առաջին անգամ մասնակցում էր նաեւ Սեւանի ՀՋՋ մոտորանավակավար-փրկարար, փ/ծ սերժանտ Գեւորգ Բադալյանը։ Նա վերջնագծին հասավ 14-րդը՝ ընդգրկվելով հաղթողների ցանկում։ Ծնունդով Սեւանից է, փոքրուց ջուրն իր տարերքն է համարում։ 2017 թվականից աշխատում է ջոկատում։ Ասում է՝ ջրափրկարարի աշխատանքը միայն կողքից էլ հեշտ թվում։ Խեղդվող մարդուն փրկելու գնալիս քո կյանքն ես վտանգում, որովհետեւ ոչինչ կանխատեսելի չէ։ Թեեւ հաստիքով մոտորանավակավար է, բայց փրկարարական աշխատանքներից երբեք չի խուսափում։ Այսօր հերթափոխից ազատված էր՝ մրցմանը պատրաստվելու նպատակով։ Անսովոր իրավիճակ է․ ընկերները ջրում են, ինքը՝ ցամաքում։ Սեպտեմբերին եռամարտի՝ տրիաթլոնի միջազգային առաջնություն կա․ եթե ժամանակը ների, անպայման կմասնակցի։

Մրցաշարի ընթացքում նաեւ այլ ահազանգներ եղան։ Քամին ափից մոտ 3 կմ հեռացրել էր սկուտերով, հեծանվով եւ փչովի նավակով զբոսնող քաղաքացիներին։ Փրկարարական երեք ջրային տեխնիկա ուղեւորվեց որոնողական աշխատանքի։

Ցամաքում մի քանի տասնյակ հանգստացողների անվտանգությունն ապահովեց Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 7 փրկարարով եւ անհրաժեշտ տեխնիկայով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ