Գլխավոր Վերլուծություն Աղետը լիրիկա չէ

Աղետը լիրիկա չէ

763
Տարածել

Գիտե՞ք, թե ինչ ասել է աղետի գոտի։ Չես կարող պատկերացնել, եթե տեղում չես։ Դա միայն սահմանազատիչ ժապավեններով առանձնացված ու փլուզման վտանգ ներկայացնող շինություններով տեղանքը չէ, այլ ֆիզիկական ու հոգեբանական մի տարածություն, որում բազմաթիվ խնդիրների ես բախվում։ Առաջին հերթին՝ ինքդ քեզ։

Ճգնաժամային լրատվության բոլոր սկզբունքները երկրորդական են դառնում, երբ կողքիդ փլատակի միջից դիմագծերը կորցրած դի են դուրս բերում՝ ինչ-որ մեկի մորը, քրոջը կամ զավակին։ Մեզ՝ լրագրողներիս, անընդհատ սովորեցնում են, որ աղետի ժամանակ պետք է ապրեցնող լրատվություն տալ, մարդկանց հույս ներշնչել։ Սա միանշանակ է: Բայց դեպքի վայրում հարցերիդ օպերատիվ պատասխաններ ստանալը գրեթե անհնար է․ բոլորը բորբոքված են, լարված, սպառված։ Քեզ չնեղացնելու համար խնդրում են մեկ ժամից մոտենալ։ Ամեն ինչ փոխվում է րոպե առ րոպե, հարցերդ անիմաստ են դառնում, աշխատում ես «ոտքի տակ» չընկնել։ Ծխի ու անտանելի տաքության միջից մի փրկարար է մոտենում, կամացուկ ձայնով ինձ հարցնում, թե որտեղ է շտապօգնության մեքենան։ Փրկարարը չի թուլանում, բայց, ինչ արած, մարդ ես։ Ականջիդ լուր է հասնում, որ նրանցից մեկը երեք հոգու է փրկել։ Հերոսին գտնել չի հաջողվում, քանի որ մրի մեջ բոլորը նույն դեմքն ունեն։ Իսկ խոսելու ժամանակ՝ ամենեւին։

Հոգեբաններն առավոտից հերթափոխ են արել։ «Աջակցություն ենք ցուցաբերել ականատեսներին, տուժածներին ու անհետ կորածների հարազատներին։ Եղել է մարդ, որին ուղեկցել են փլուզված գոտի, որ տեսնի մեր աշխատանքը, խաղաղվի։ Անորոշությունը լարվածության է դրդում»,- ասում է ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ, փ/ծ ավագ ենթասպա Հասմիկ Ղուշչյանը։ Օգնություն ստացածներից ոչ ոք տուն չի գնում։ Օգնական ձեռքը չի խանգարի։

Երբ արդեն բավականաչափ հարմարվել ես իրավիճակին, որում հայտնվել ես, դարձել դրա մի մասնիկը, աստիճանաբար սկսում ես ավելին տեսնել։ Կարմիրխաչական երիտասարդներն աղբահավաք են անում ու տեսակավորում։ Ծարաված հայացք տեսնելիս անմիջապես ջուր են առաջարկում։ Վրան են դրել, որում կարելի է շունչ քաշել ու պատսպարվել։

Փոքրամարմին մի տղամարդ դասավորում է մեքենայի թափքում հավաքված քարերն ու բետոնի բեկորները, գերբնական ուժով ծալում երկաթե ամրանները, որ ոչ ոքի չվնասեն։

Մի կին անտրտունջ ավլում է անընդհատ աղտոտվող տարածքը։ Խանութպաններն օգնում են միմյանց՝ հավաքելու գլխիվայր շուռ եկած ապրանքները։

Վերադարձին աչքդ ընկնում է բաց կողպեքով ու կոտրված ապակիներով կրպակների, որոնց կողքով անգամ մարդ չի անցնում։ Ամբողջ գիշեր կամավորները, շարք կանգնած, հսկա քարեր են միմյանց փոխանցում։

Աղետը լիրիկա չէ. մահվան մեջ լույս չկա:

Մնում է միայն դաս քաղել քեզ բաժին ընկածից, սովորել ու սովորեցնել անվտանգ միջավայր ստեղծել: Ու միշտ հիշել՝ աղետից հետո ապրեցնող լրատվություն է պետք, պետք է բացառել ոչ պետքական եւ խանգարող խուճապը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից հետո արված լուսանկարները՝ հեղինակի