Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրդեհվող շենքից տարհանվել է 85 մարդ․ փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հրդեհվող շենքից տարհանվել է 85 մարդ․ փրկարարներն ամփոփում են շաբաթը

106
Տարածել

Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 683 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ են հրդեհները: Անցած շաբաթ գրանցվել է 183 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 36 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 204 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Արաբկիր, Ավան, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Արմավիրում, Արարատում, Լոռիում։ Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 50 ահազանգ է ստացվել: 22 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 13 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել  21 մարդ:

Այլ կանչեր․

Ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի  Բագրեւանդ թաղամասի խաչմերուկներից մեկում պայթուցիկ սարք կա։ Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը կորոզիայի ենթարկված ականանետի ական է՝ 82 մմ տրամաչափի։ Ինժեներասակրավորական խումբը կատարել է վնասազերծման աշխատանք, ականը տեղափոխվել է Բաղրամյանի զորավարժադաշտ՝ հետագա պահպանության նպատակով։

Արտակարգ պատահար է գրանցվել Կորեայի ձորում գտնվող ենթակայանի մոտակա ջրանցքում։ Փրկարարներին հաջողվել է անվնաս դուրս բերել ջուրն ընկած քաղաքացուն եւ փրկել նրա կյանքը։

Պետական կառույցներից մեկը պաշտոնական նամակ է ստացել, որ պայթուցիկ սարքեր են տեղադրված միանգամից մի քանի օբյեկտներում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Ազգային ժողովում, «Զվարթնոց» օդանավակայանում եւ Երեւանի քաղաքապետարանում։

Հետախուզական աշխատանքներին ներգրավվել են փրկարար ծառայության 12 հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, ինժեներասակրավորական ջոկատի, կինոլոգիական խմբի, հոգեբանական աջակցության բաժնի, բուժվարչության եւ ոստիկանության աշխատակիցներ։ Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։ Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Մեկ այլ ահազանգ է ստացվել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան փողոցի շենքի բնակիչներից։ Նկուղները ջրալցվել են 1 մետրից ավելին՝  մոտակա արտեզյան ջրերի դրենաժային համակարգի խցանման պատճառով։ Դեպքի վայր է մեկնել թիվ 4 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Չնայած երկարատեւ ջրահեռացման աշխատանքին՝ ջրի հոսքը դադարեցնել չի հաջողվել։ Հետագա մաքրման աշխատանքը կատարել են համապատասխան ծառայությունները։

Շաբաթվա խոշոր դեպքերից էր Արաբկիր վարչական շրջանի Մուրադյան փողոցի 17-հարկանի շենքում բռնկված հրդեհը, որն առաջացել էր վերելակի հորանին կից գտնվող մալուխների համար նախատես­ված հորանում՝ 8-րդ հարկի մակարդակում։ Հայտարարվել էր «ԲԻՍ 1» աստիճանի բարդության հրդեհ, կրակը տարածվել  էր բոլոր հարկերում, շենքում ծխապատ  գոտի էր։ Տարհանվել է 85 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ,  որոնցից 13-ը՝ ավտոսանդուղքով։ Կատարվել է ծխահեռացման աշխատանք, հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքներին ներգրավվել է 45 փրկարար ծառայող։ Բոլոր տուժածները տեղափոխվել են բուժկենտրոններ ու օգնություն ստանալով՝ դուրս գրվել։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սեւանի բուժկենտրոնի մոտակայքում  են 4 քաղաքացի՝ 2 երեխա, 2 կին, որոնք չունեն մշտական բնակության վայր ու գիշերելու հնարավորություն։ Սեւանի հրշեջ-փրկարարներն Արցախի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել են ջոկատ՝ գիշերակացի, ապահովել սննդով։ Դեպքի մասին հաղորդվել է ոստիկանությանը։