Գլխավոր Նորություններ ՔԱՋԱՐԱՆՑԻ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐԸ                                                                         

ՔԱՋԱՐԱՆՑԻ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐԸ                                                                         

808
Տարածել

Մեր երկրի թվով ամենամեծ՝ 15 հոգուց բաղկացած լեռնափրկարարական ջոկատը, գործում է Քաջարանում և սպասարկում պղնձամոլիբդենային կոմբինատը:

Քաջարանում պղինձ ձուլել են դեռևս բրոնզե դարում. այդ մասին են վկայում քաղաքի տարածքում հայտնաբերված հանքախորշերը, ձուլարանների հետքերը, հանքանյութի թափոնները: Այժմ էլ քաղաքը հայտնի է հանքարդյունաբերական գործունեությամբ, հատկապես ոլորտի հսկայով՝ պղնձամոլիբդենային կոմբինատով, որտեղ աշխատելու համար տարբեր ժամանակներում Քաջարան են տեղափոխվել  մարդիկ հանրապետության այլ բնակավայրերից:

Ասատուր Ստեփանյանի ընտանիքը Արարատից է տեղափոխվել Քաջարան, որոշ ժամանակ աշխատել կոմբինատում: «Մերոնք եկան Քաջարան, այնուհետև ծնվեցի ես՝ այս լեռներում, որտեղ էլ մնացի մինչ օրս: Երբ Արարատի ոսկու ֆաբրիկան բացվեց, ծնողներս մեկնեցին Արարատ, նրանց հետ նաև երկու եղբայրս, իսկ ես մնացի Քաջարանում ապրող տատիկ-պապիկիս մոտ: Տարիներ հետո անցա աշխատանքի  լեռնափրկարար ծառայությունում և տևական ժամանակ է՝ այս գործին եմ»,- պատմում է ՀՀ ԱԻՆ Հատուկ լեռնափրկարար ծառայության Քաջարանի ջոկատի լեռնափրկարար, 4-րդ ջոկի հրամանատար Ասատուր Ստեփանյանը: 1998-ից է աշխատանքի անցել ջոկատում, դարձել 15 հոգանոց խմբի անդամներից մեկը, որոշ ժամանակ անց փորձել է այլ ոլորտում հաստատվել, սակայն վերադարձել է և կրկին  համալրել  ջոկատի շարքերը:

«Աշխատում ենք 4 հերթափոխով: Բաց հանքի վթարների և այլ դեպքերին ենք արձագանքում, հարկ եղած դեպքում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերում: Բացի դրանից, ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքներ ենք իրականացնում, որոշում օդում փոշու առկայությունն ու քանակը, նմուշներ վերցնում:  Տարբեր կանչեր ենք ստանում՝ ցավոք նաև մահացու ելքով դեպքեր էլ են գրանցվում»,- տեղեկացնում է Ասատուրը և ընդգծում լեռնափրկարարների գործի կարևորությունը մարդկանց փրկության ու արտակարգ դեպքերի կանխարգելման հարցում: Ուրախությամբ է նշում, որ վերջին 4-5 տարիներին մահվան ելքով դժբախտ դեպքեր չեն գրանցվել:

Քաջարանի ջոկատը տեխնիկայի թարմացման, ժամանակակից սարքավորումների կարիք ունի: Այժմ լեռնափրկարարներն աշխատում են խորհրդային տարիներից մնացած հին սարքավորումներով: Հնուց մնացած ժառանգությունից է նաև արհեստական շնչառության ապարատը, որը թերևս այդպես էլ չի օգտագործվել, այնինչ դրան փոխարինող առավել կատարելագործված հարմարավետ տարբերակներ վաղուց կան:

Լեռնափրկարարների ջոկատը տեղակայված է երկհարկանի շենքում՝ Քաջարանի փրկարարական ջոկատի հարևանությամբ: Այն նորոգվել է 2013-ին՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով: Ջոկատի կազմը հիմնականում բաղկացած է հին ու փորձառու կադրերից, նոր կադրերը համեմատաբար քիչ են: Բացի ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքներից, կանչերին արձագանքելուց, ջոկատի տղաների առօրյայի մի մասն են կազմում նաև վարժանքները: «Ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական փորձը մեր գործում կարևոր են: Դրանց շնորհիվ է, որ կարողանում ես դեպքի վայրում արդյունավետ գործել: Բարեբախտաբար, այս տարիների ընթացքում դեպքերի արձագանքելիս վնասվածքներ չեմ ստացել: Իսկ տարիներն այնքան արագ են անցել, երբևէ չեմ  պատկերացրել, որ մոտ 20 տարի կաշխատեմ այս ոլորտում: Եկա ու մնացի…»,- անկեղծանում է լեռնափրկարարը, որի համար աշխատանքը կյանք է, ջոկատն էլ իր երկրորդ տունը: «Կամ էլ առաջին տունն է»,- կատակում է Ասատուրը, որը դեռևս իր ընտանիքը չի կազմել, մտադրություն ու ցանկություն միշտ ունի: Համոզված է՝ լեռներն իր նվիրած տարիները «կփոխհատուցեն» երջանկությամբ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Քաջարան-Երևան