Գլխավոր Վերլուծություն «Հացի ճանապարհ». ՃԿՊԱ լրագրողի վավերագրական ֆիլմը

«Հացի ճանապարհ». ՃԿՊԱ լրագրողի վավերագրական ֆիլմը

459
Տարածել

Արդեն համացանցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» լրագրող Անի Անտոնյանի «Հացի ճանապարհ» ֆիլմը, որը ստեղծվել է Վիզուալ ինովացիոն ստուդիայի «Վիդեո պատումներ եւ կարճ վավերագրական ֆիլմեր» ծրագրի շրջանակում։ Այն բացահայտում է Սյունիքի մարզի մի շարք գյուղերում նոր սահմանային խնդիրներն ու մարդկային ճակատագրերը։
Զրուցել ենք հեղինակի հետ։

-Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը:

-2021 թվականի օգոստոսից Ադրբեջանն ուղեկալ է դրել Գորիս-Որոտան ճանապարհի մի հատվածում, եւ երթեւեկության խնդիրը լուծելու համար Հայաստանի կառավարությունը սկսել է այլընտրանքային ճանապարհի վերանորոգում: Դժվարանցանելիության պատճառով Գորիսից կտրված Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերին մինչեւ այս տարվա ապրիլը՝ գրեթե 6 ամիս, հաց էր մատակարարում Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը: Բառացիորեն հացի խնդիրն ինձ շատ հուզեց։ Բացի դրանից՝ փրկարարների այս աշխատանքը լրատվամիջոցները լուսաբանեցին ընթացիկ իրադարձության պես եւ մոռացան։ Ի սկզբանե նպատակ ունեի ցույց տալու ճանապարհը, որն ամեն օր անցնում են մեր տղաները՝ գյուղեր հասնելու համար։ Սակայն ընթացքում սցենարային գիծը փոխվեց, ավելացան նոր կերպարներ։ Ֆիլմը երկօրյա ճամփորդություն է 44-օրյա պատերազմից հետո հաստատված նոր սահմանի երկայնքով։

-Չկա ֆիլմ, որից դուրս մնացած չլինեն նկարահանված որոշ հատվածներ: Դրան գումարած՝ ձեւաչափը պարտադրում էր ժամանակային սահմանափակում: Ի՞նչ կադրեր են դուրս մնացել, որոնք կցանկանայիք անպայման ընդգրկել ֆիլմում:

-Չդադարող անձրեւը նկարահանումներին շատ խանգարեց, սակայն, մյուս կողմից, յուրահատուկ միստիկ շունչ հաղորդեց ֆիլմին։ Թերեւս, տարվա լավագույն եղանակն էինք ընտրել նման կադրեր որսալու համար։ Նկարահանման ընթացքում շատ այլ թեմաներ շոշափեցինք՝ Որոտանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները, Բարձրավանի մանկապարտեզի խնդիրներն ու երեխաների զբաղվածությունը, Բարձրավանի տնակային դպրոցն ու աշակերտների սակավությունը, երեք գյուղերում իրենց ներկան վերակառուցող արցախցի ընտանիքները եւ այլն։ Սակայն ի վերջո, որոշեցի ցույց տալ այն, ինչի համար հասել էինք սահմանային գոտի։ Ֆիլմից դուրս մնացած ոչ մի կադրի համար չեմ ափսոսում։ Դրանք մոտ ապագայում կվերածեմ տեքստի ու ֆոտոպատմության։

-Դեռ չդիտած՝ ֆիլմի մասին դատում ես վերնագրից: Ինչպե՞ս ընտրեցիք այս վերնագիրը:

-Տարբերակները շատ էին, սակայն, իմ կարծիքով, միայն «Հացի ճանապարհ»-ն է լիովին փոխանցում թեմայի դրամատուրգիան։

-Ֆիլմը կցուցադրվի՞ կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ, կներկայացվի՞ փառատոններում: Եթե այո՝ ե՞րբ, եթե ոչ՝ ինչո՞ւ:

-Եթե որեւէ կառույց հետաքրքրված է թեմայով, սիրով կտրամադրեմ ֆիլմը ցուցադրության համար, կպատմեմ մանրամասներ։ Ինչ վերաբերում է փառատոններին, ապա շատերը չեն ընդունում արդեն իսկ հրապարակված ֆիլմեր։ Ի սկզբանե, Վիզուալ ինովացիոն ստուդիայի այս նախաձեռնությունը միտված էր ֆիլմերը հնարավորինս մեծ լսարանի համար՝ Youtube ալիքով եւ սոցցանցերով տարածելուն։ Որեւէ այլ խնդիր չկա, եւ ֆիլմը կարող է մասնակցել լրագրողական մրցույթների։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Անի Անտոնյանը