Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 798 կանչի են արձագանքել

Փրկարարները 798 կանչի են արձագանքել

1696
Տարածել

Հուլիսի 11-17-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 798 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Շոգ եղանակով պայմանավորված, մեկ շաբաթում գրեթե կրկնապատկվել է հրդեհների քանակը՝ 223 հրդեհ՝ հուլիսի 4-10-ը շաբաթվա 134-ի դիմաց: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 43 կեղծ ահազանգ:
Անցած շաբաթ փրկարարները 222 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Նոր նորք, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ, Ավան, Դավիթաշեն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Լոռիում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 80 ահազանգ է ստացվել: 43 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 7 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 11 մարդ:
Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: