Գլխավոր Վերլուծություն Ջրափրկարարները պատրաստվում են լողասեզոնին

Ջրափրկարարները պատրաստվում են լողասեզոնին

2301
Տարածել

Շուտով կմեկնարկի ամառային լողասեզոնը։ Հունիսի 17-ից արդեն գործում է Երեւան-Սեւան-Շորժա գնացքը։ Արդեն իսկ հանգստացողների մեծ հոսք կա Սեւանա լիճ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը սկսել է նախապատրաստական աշխատանքները։ Թարմացվում է հերթապահության համար նախատեսված շարժական վագոն-տնակն իր գույքով, վերացվում են տեխնիկայի թերությունները, փակցվում են նոր լոգոներ։

Ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ այս տարվա հունիսից հանրային լողափերի թիվն ավելացել է երկուսով։ Փրկարարները պատրաստվում են ուժեղացված ծառայության։

Ամռանը բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում Սեւանա լճի հարակից տարածքներում՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը, առաջին անգամ կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, X-WATERS Sevan 2022 լողի մրցումները եւ այլն։ Բոլոր միջոցառումների ժամանակ մարզիկների անվտանգությունն ապահովելու են Սեւանի ջրափրկարարները։

Լողասեզոնից առաջ ջրասուզակների մարտունակությունը բարձրացնելու համար հունիսի 20-ից մեկնարկել են վերապատրաստման տեսական ու գործնական դասընթացներ, որոնք կվարի «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս Արտակ Էլմասակյանը։ Ընդգրկված են Սեւանի հատուկ ջրափրկարարական եւ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» ջրասուզական ջոկատները։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ