Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է ավելի քան 800 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է ավելի քան 800 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2167
Տարածել

Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում անցած շաբաթ գրանցվել է 1035 զանգ, որից 435-ը ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները բացել են խափանված փականով երեք դուռ, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի 7 կանչի: Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 6 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

Անցած շաբաթ գրանցվել է հրդեհի վերաբերյալ միայն մեկ կանչ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու եւ շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 128 պայթուցիչ, 54 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 68 ական, 439 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 64 եւ նռնականետի 17 նռնակ:

Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն