Գլխավոր Նորություններ ՔԱՂԱՔԸ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐՈՎ

ՔԱՂԱՔԸ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐՈՎ

1008
Տարածել

Ռոբերտ Նիկողոսյանը գեղանկարիչ է, 23 տարեկան, ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը. «Հիմա ավելի շատ զբաղվում եմ փողոցի նկարչությամբ կամ սթրիարտով, որ գրաֆիտիից է առաջացել: Այդպես փորձում եմ իմ մասնագիտական շրջանակներից փոքր-ինչ դուրս գալ թե՛ նյութերի օգտագործման, թե՛ նոր մակերեսներ գտնելու և թե՛ ուրիշ առումներով: Անընդհատ ուզում եմ գտնել ինքնարտահայտման հաճելի ու սրտամոտ միջոցներ»: Երիտասարդ գեղանկարիչը նշում է, որ գրաֆիտին իր մեջ ընդվզման ակցիա է պարունակում. «Բայց իմ արածն ավելի շատ սթրիարտի մեջ է մտնում, քանի որ ուսուցողական նպատակ ունի, մարդկանց սովորեցնում կամ հիշեցնում է դեպքեր ու եղելություններ»:

Ռոբերտը նկարում է շենք-շինությունների պատերին, հենց փողոցում՝ արձրևից ու արևից անպաշտպան թողնելով իր աշխատանքները: Նկարում է նաև դիմապատկերներ սուրճի մրուրով ու մուրաբայի հյութով՝ արդեն տանը, թղթերի վրա. «Սիրում եմ անընդհատ որոնել, փոփոխել նյութերը և այդ ճանապարհին ինձ հանդիպեցին մուրաբան ու սուրճը, փորձեցի դրանցով դեմքեր պատկերել: Քանի որ արածս հետաքրքրեց մարդկանց, ուզեցի դիմանկարների շարքեր ստեղծել: Ցավոք, դրանք շատ արագ են անհետանում, հնարավոր չէ պահպանել հատկապես մուրաբայով արվածը»:

Հնարավոր է նաև, որ վաղը պատերը սալիկապատեն, կիսակառույցը քանդեն կամ վերակառուցեն, և արվեստն անհետ կոչնչանա: Սակայն այդ կանխատեսելի ավերը չի մտահոգում արվեստագետին: Համոզված է՝ ինչպես ժամանակակից մարդն ապահովագրված չէ աղետներից ու արհավիրքներից, այնպես էլ մեր ժամանակի արվեստը: Գուցե հենց սա է արվեստի ճշմարիտ թիրախը՝ խոսել այսօրվա մեջ ներկա մարդու հետ և անցնել: Ասել ու գնալ, ինչպես ծովափնյա ավազին են մատների թողած ակոսներով նկարում, և հետո ծովի ալիքը գալիս ու ջնջում է մի ակնթարթ մեզ հիացմունք պատճառած պատկերը, որ միակն էր, չի կրկնվելու և ցմահ շարունակվելու է արդեն այն տեսնողների հիշողության մեջ:

Իսկ ապրիլյան քառօրյայից հետո Ռոբերտի արվեստ թափանցեց պատերազմը, սահմանն ու հայրենիքը կյանքով պաշտպանող հայ զինվորը՝ չնախատեսված ու աննկատ: «Դեռևս նպատակ չունեի զինվորական թեմայով նկարել, բայց քանի որ ինձ վրա շատ էր ազդել Քյարամ Սլոյանի զոհվելը, փորձեցի առաջինը հենց այդ հերոսին նկարել: Այդպես միտք հղացա ապրիլյան հերոսների դիմապատկերներով շարք ստեղծել»,- ասում է փողոցի նկարչությունը մեզ համար թանկ ու սիրելի դարձնող երիտասարդ արվեստագետը: Եվ այսօր Էրեբունի վարչական տարածքի թիվ 49 դպրոցի հարակից պատերից մեզ են նայում մեր վերջին փորձության հերոսներ Քյարամը, Ադամը, Ռոբերտը: «Դպրոցի տարածքում եմ նկարել, որպեսզի երեխաները տեսնեն և իրենց էությամբ զգան այն ոգին, որ մեր հերոսներն են մեզ փոխանցել, և իրենք էլ սկսեն այդպես ապրել ու մեծանալ նույն ոգով: Այս գարնանն եմ սկսել ապրիլյան հերոսների շարքը, գուցե երկու հոգու էլ նկարեմ, որոնց դեռ չեմ ընտրել, և այդքանով ավարտեմ շարքը: Առայժմ այդպես եմ զգում, չգիտեմ, թե հետո ինչ շարունակություն ու ընթացք կունենա ապրիլյան թեման»,- ասում է քաղաքը նորօրյա հերոսներով նկարող երիտասարդը:

Գրաֆիտին շուրջ մեկ դար առաջ սկզբնավորվել է Ամերիկայում, տարբեր հանցավոր խմբեր ու անձնավորություններ փորձել են իրենց տարածքները նշել հենց գրաֆիտիի միջոցով, այսինքն՝ պատերին գրելով ցույց տալ, որ սա իրենց տարածքն է: «Այնուհետև նոր բովանդակություն է ձեռք բերել ու դարձել սթրիարտ և զարգացման ուրույն ճանապարհ անցել: Եթե գրաֆիտին բողոքի ակցիա է և սահմանափակվում է մի քանի թեմաների մեջ, օրինակ, քաղաքական, այսինքն՝ քաղաքականության դեմ կամ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց է ուղղված, ապա սթրիարտն ավելի լայնամասշտաբ ու բազմազան է և իր արտահայտման մեջ կարող է շատ թեմաներ ներառել»,- նկատում է Ռոբերտը:

Իսկ Հայաստանում արվեստի այդ ուղղությունը նոր է ձևավորվում, անկախության շրջանի կամ սերնդի հայացքն ու մոտեցումն է, և արտահայտվելու իր տարածքն է օր օրի մեծացնում: Նոր է, եթե անտեսենք, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ մարդիկ քաղաքի պատերին գրառումներ են կատարել, կամ մենք մեր սիրած աղջիկների անվան սկզբնատառերն ենք փորագրել ծառերին, գրել շենքի մուտք ու պատերին, կամ էլ եկեղեցամերձ ժայռին ու հենց եկեղեցու քար ու սյուներին՝ չմոռանալով գրել նաև մեր անուններն ամբողջական և էլի ինչ-որ մտքեր:

«Առաջին անգամ 2015-ի մայիսի 22-ին Էրեբունի համայնքի դպրոցներից մեկի հարակից տարածքում նկարեցի Հիսուսին հիշեցնող դիմանկար, դա սթրիարտ արվեստում սփրեյով` փչովի ներկի միջոցով աշխատելու իմ առաջին փորձն էր: Հետո հունիս ամսին իմ սիրելի դերասաններից Մհեր Մկրտչյանի դիմանկարն արեցի Նոր Նորքում: Եթե առաջինը միայն սև գույնով էի նկարել, ապա այս մեկը երեք գույնի էր՝ սև, սպիտակ և մոխրագույն: Դիմանկարը տեղադրեցի իմ ֆեյսբուքյան էջում, և անմիջապես տարածվեց սոցիալական կայքերում, հասկացա, որ աշխատանքս դուր եկավ մարդկանց»,- պատմում է Ռոբերտ Նիկողոսյանն ու շարունակում, որ այդպես սկսում է հայ մեծերի շարք նկարել: Չարենցի, Իսահակյանի, Սևակի դիմանկարները Երևանի կենդանաբանական այգու դիմաց է՝ մայրուղուն հարող պատին: Հետո Վերնիսաժի հարակից շենքի պատը դարձավ պատկերազարդ, և այդպես քաղաքի տարբեր անկյուններից մեզ են նայում հարազատ դեմքեր ու մշտապես մեզ ուղեկցող հայացքներ: «Նկարում եմ առանց էսքիզի: Օրինաչափություն ու կանոններ չկան, մի անգամ սկսում եմ աչքը նկարելուց, հաջորդ անգամ՝ քիթը կամ բերանը, էական չէ, թե դեմքի որ մասից կսկսեմ նկարելը»,- ասում է Ռոբերտն ու հավելում, որ դիմանկարն ամբողջացնելու համար աշխատում է 1 ժամ 20 րոպեից մինչև 3 ժամ: Բացի մեր դասականներից, նկարել է նաև ժամանակակից հերոսների, մեզ հետ ու մեր կողքին ապրող հոգեհարազատ ու ոգեշնչող մարդկանց. «Նկարել եմ Շառլ Ազնավուրին և մեր ժողովրդի կողմից սիրված ուրիշ անհատների: Շանսոնիեին նկարել եմ Նոր Նորքի 4-րդ զանգվածի մի կիսակառույց շինության պատին՝ Տորք Անգեղի արձանի հարևանությամբ, որտեղ ունեմ ևս 9 նկար»:

Նկարչությունը փողոցի դատին ու անմիջականորեն հանրությանը ներկայացնող Ռոբերտ Նիկողոսյանը մշտապես որոնումների մեջ է՝ տարված նորի փնտրտուքով ու յուրօրինակ արտահայտչամիջոցներ գտնելով: Գեղարվեստի ակադեմիայում յուրացրած տեխնիկական միջոցները չեն բավարարում երիտասարդ արվեստագետին, փորձում է դիմանկարի արվեստում կիրառել զարմանալի նյութեր ու տարբերակներ: «Կտավներ բավականաչափ կան թանգարաններում, կարելի է արդեն նոր և բոլորովին ուրիշ միջոցների ու տարբերակների մասին մտածել»,- ոգևորված ասում է Ռոբերտն ու հավելում, որ շատ էսքիզներ ու ծրագրեր ունի, բայց նախ և առաջ ամբողջացնելու է ապրիլյան հերոսների դիմանկարների շարքը:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ