Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌՀՄԱԿ-ում. «Անօդաչու թռչող սարքեր․ նախնական պատրաստություն»

Վերապատրաստում ՌՀՄԱԿ-ում. «Անօդաչու թռչող սարքեր․ նախնական պատրաստություն»

2340
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն,  ապրիլի 25-մայիսի 6-ը անցկացվում է վերապատրաստման դասընթաց՝ «Անօդաչու թռչող սարքեր․ նախնական պատրաստություն» թեմայով։ Մասնակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 11 ծառայող։ Դասախոսում են կենտրոնի օպերատիվ կառավարման բաժնի ղեկավար Եվգենի Գորելովը, մասնագետներ Անդրեյ Պրոտունկեւիչը եւ Անտոն Սերենկոն։

Դասընթացի նպատակը հիմնականում անօդաչու սարքերի կառավարման եւ ծրագրային օգտագործման հմտություններ տալն է։ Գործնական պարապմունքների համար կենտրոնը տրամադրել է նույն փոքրամասշտաբ դրոնները, որոնք առկա են ջոկատներում։

«Այս ԱԹՍ-ների առավելագույն թռիչքային ժամանակը 30 րոպե է։ Օգտագործվում են հետախուզության, հրդեհային իրավիճակի մոնիթորինգի համար։ Ունեն օրթոֆոտոպլանի հնարավորություն (տեղանքի կամ օբյեկտի պատկերի թվային տրանսֆորմացիա)։ Սակայն ոչ պակաս կարեւոր է օպերատոր-օդաչուի հմտությունը։ Բարդ ռելիեֆային տարածքներում փոքր դրոնների հետ պետք է զգույշ լինել, օդաչուն պետք է կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը եւ պատրաստ լինել ֆորս մաժորի։ Հենց դա ենք մենք սովորեցնում»,- նշում է Եվգենի Գորելովը։

Խոսելով անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներից՝ ռուս մասնագետը հավելեց, որ թրենդի հետեւից ընկնելը ճիշտ չէ։ Հանրային անվտանգության տեսանկունից բավականին արդյունավետ ԱԹՍ-ներ կան, որոնք տարիներ շարունակ կիրառելի են։ Այս առումով «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» սերտ համագործակցում է ԱԹՍ-ներ արտադրող չինական DJI ընկերության հետ՝ թռիչքային հնարավորությունների օգտագործման որոշակի արտոնություններով։ Նորարարություններից մասնագետն առանձնացրեց հատկապես լազերային սկանավորում անող սարքավորումները, որոնք կարող են տեղանքի հեռավար ու միաժամանակ մանրամասն հետազոտություն իրականացնել:

Դասընթացի ավարտին փրկարարները կհանձնեն թեստային եւ գործնական քննություն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի