Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

566
Տարածել

Կորած արշավախումբը

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ  փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 200 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 70 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Էրեբունի, Արաբկիր, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների և Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 1 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Վայոց ձորի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Հորս գյուղի ջրամբարի վերևի լեռներում արշավախումբ է մոլորվել: Ահազանգը ստանալուց երեք ժամ անց փրկարարները նշված տեղանքում հայտնաբերել են 12 հոգանոց արշավախմբին, անվտանգ իջեցրել Հորս գյուղ, որտեղից խումբն իր ավտոմեքենայով ուղևորվել է Երևան: Տավուշի փրկարարները կեսգիշերին ահազանգ են ստացել, թե Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդը պոկվել-առանձնացել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Հրշեջ-փրկարարները բարձրացրել և ամրացրել են կցորդը, ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: