Գլխավոր Վերլուծություն Արմավիրցի փրկարարը՝ պարահոկեյի պաշտպան

Արմավիրցի փրկարարը՝ պարահոկեյի պաշտպան

1890
Տարածել

Մարտի 16- 21-ը Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցավ «Մենք միասին ենք» խորագրով միջազգային պարալիմպիկ մրցաշար, որին Հայաստանը ներկայացավ 15-հոգանոց թիմով՝ սնոուբորդ, նստած հոկեյ եւ դահուկավազք սպորտաձեւերում։ Մարզիկների պարապմունքներն ապահովել էին Հայաստանի հաշմանդամություն ունեցող «Փյունիկ» միությունը, իսկ մասնակցության ծախսերը՝ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:

Հոկեյիստների շարքում էր պաշտպան, Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Մեհրի Մանուկյանը, որն արդեն երրորդ տարին է զբաղվում այս սպորտով։ Ասում է՝ պարահոկեյում վնասվելու վտանգը մեծ է, տեղաշարժման դժվարությունները՝ շատ, սակայն արագությունն ու հետաքրքիր տեխնիկան ստիպում են չընկրկել։ «Հինգ երկիր մրցեց՝ Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան, Բելառուս եւ Ռուսաստան։ Մենք զբաղեցրինք չորրորդ տեղը, բայց քանի որ նորաստեղծ թիմ էինք ու միակը, որում աղջիկներ կային, մեդալների ու գավաթի արժանացանք։ Ընդհանուր առմամբ՝ հայերիս նկատմամբ վերաբերմունքը շատ ջերմ էր»,- նշում է Մեհրին։

Ռուս մասնագետները Հայաստանի պարալիմպիկ հավաքականի անդամների համար անցկացրել էին նաեւ պարաքյոռլինգի վարպետության դաս, որն ընդգրկված է ձմեռային պարալիմպիկ խաղերում: Այս մարզաձևը նախատեսված է բացառապես սայլակ օգտագործողների համար: Ռուսաստանի եւ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեների միջեւ կնքված համագործակցության հուշագրով, հայ մարզիկները փորձի փոխանակման տարբեր ծրագրերի միջոցով կկարողանան ավելի կատարելագործել իրենց հմտությունները։

Հայաստանի պատվիրակությունը եղել է Խանտի Մանսիյսկի պատմության թանգարանում, ծանոթացել էնդեմիկ կենդանիներին, լուսանկարվել զբոսաշրջիկների սիրելի մամոնտների արձանների կողքին։

Մեհրիի խոսքով՝ Հայաստանում պարահոկեյի զարգացման հեռանկարները մեծ են, չնայած թիմն ընդամենը 6 մարզիկ ունի, եւ համալրման կարիք կա։ Հետաքրքրական է, որ այս ակտիվ սպորտին ներգրավվում են հիմնականում անդամահատված վերջույթներով մարդիկ։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական մեկ անգամ՝ Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում։ Մեծ արդյունքի հասնելու համար, սակայն, այս ամենը բավարար չէ, հովանավորներ են պետք։ Մեհրին լիահույս է, որ աղջիկների հավաքականը մի օր կառանձնանա եւ իրեն դրսեւորելու նոր հարթակներ կունենա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մեհրի Մանուկյանը