Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Շղթայական արգելափակումներ՝ մարզերում. Ժամականավոր հետակետերն ամփոփում են շաբաթը

Շղթայական արգելափակումներ՝ մարզերում. Ժամականավոր հետակետերն ամփոփում են շաբաթը

218
Տարածել

Ձնառատ եղանակի պատճառով շատացել են ահազանգերը։ Մարտի 15-21-ը Սյունիքի մարզի Աղվանիի հենակետի փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 93, Շինուհայրի հենակետինը՝ 127, Գորայքի հենակետինը՝ 25 ավտոմեքենա։ Օգնություն է ցուցաբերվել մոտ 360 քաղաքացու։ Նրանցից ոմանք ժամանակավոր ապաստանել են Գորայքի հենակետում։ Սիսիանի ճանապարհաշինական ընկերության, ճանապարհային ոստիկանության  աշխատակիցների հետ համատեղ 400 մեքենա է դուրս բերվել խցանումից:

Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում վերաբացվել է առաջին օգնության հենակետը։ Կատարվել է 10 ելք՝  կենցաղային բնույթի 1, ավտովթարի 2,  ձնաբքի հետ կապված 7 ահազանգով։ 25 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն, 17-ին՝ փրկարարական հենակետում, այդ թվում՝ ավտովթարից տուժած մեկ քաղաքացու։ Ներկա պահին փակ են Վարդենյաց լեռնանցքն ու Ջերմուկ տանող ճանապարհը։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում Աշոցքի հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մեքենա, 25 հոգու ցուցաբերվել է օգնություն, եւս 2-ը տեղափոխվել է ջոկատ։

Արագածոտնի մարզում շղթայական արգելափակումներ են եղել։ Արագածի եւ Թալինի հրշեջ-փրկարարները քարշակել ու երթեւեկելի հատված են դուրս բերել 90 ավտոմեքենա։ 277 քաղաքացի ստացել է համապատասխան օգնություն, եւս 50 հոգի, որոնք չեն կարողացել շարունակել ճանապարհը, գիշերել են Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատում։  Թալինի ՀՓՋ ծառայողները ձնաբքից դուրս են բերել շտապօգնության մեքենան, որը Թալինի բուժկենտրոն էր տեղափոխում վատառողջ երեխայի։ Նրանց ուղեկցել են փրկարարները։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները