Գլխավոր Վերլուծություն 33 տարի՝ փրկելով կյանքեր․ «Լոռէ» փրկարար ջոկատի անցյալն ու ներկան

33 տարի՝ փրկելով կյանքեր․ «Լոռէ» փրկարար ջոկատի անցյալն ու ներկան

1434
Տարածել

Մարտի 15-ին Ստեփանավանի «Լոռէ» կամավոր փրկարար ջոկատը դարձավ 33 տարեկան։ Ջոկատի կորիզը Ստեփանավանի պատանի տուրիստների հավաքական թիմն էր՝ տուրիզմի տարբեր ճյուղերում առաջատարներից մեկը։ «Սպիտակի երկրաշարժից հետո մենք տեսանք դրսի փրկարարների աշխատանքը, հասկացանք Հայաստանում այս մասնագիտական ոլորտի մեծ բացը։ Ջոկատը ստեղծվեց, որպես առանձին հասարակական կազմակերպություն եւ հաստատվեց քաղաքային խորհրդում՝ խորհրդի նախագահ Բաբաջանյանի համաձայնությամբ։ Տարբեր կառույցներ ու հիմնարկներ սկսեցին աջակցել ջոկատի կայացմանը։ Նույնիսկ թռչնի պատկերով մեքենա ունեինք․ թռչնաֆաբրիկան էր նվիրել»,- ժպիտով մտաբերում է «Լոռէ»-ի հրամանատար Արմեն Առաքելյանը։
Կազմավորումից մեկ տարի անց սկսվեց համագործակցություն Հայկական կարմիր խաչի ընկերության հետ, եւ մինչ օրս կամավոր ջոկատը համարվում է նրա կազմավորում։
«Լոռէ»-ին այսօր անդամակցում է 58 կամավոր, որոնցից մոտ 10-ը հրահանգիչ են ու «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս, մյուսները՝ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից որակավորված մասնագետներ։
Գործունեությունը բազմազան է․ Արմեն Առաքելյանի խոսքով՝ բացի քիմիական եւ ճառագայթային պատահարներից՝ այլ իրավիճակներում կարող են օգնության հասնել։ Վերջին տարիներին ջոկատը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով եւ կատարելագործել դրոններով որոնողափրկարարական հմտությունները։ Ունեն ավտովթարների եւ լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքների համար նախատեսված եզակի գույք։
Ուսուցում, վերապատրաստում, աղետների ռիսկերի գնահատմանն ու նվազեցմանը ուղղված քայլեր, փրկարարական փորձի փոխանցում ձեռնարկների եւ գիտական հոդվածների միջոցով․ սրանք են «Լոռէ»-ի առաջնահերթությունները։
Ի պատասխան հարցին՝ ինչպես տասնյակ կամավոր ջոկատներից միայն «Լոռէ»-ն հասավ մեր օրեր, եւ որն է 33 տարում նրա ամենամեծ ձեռքբերումը, Արմեն Առաքելյանը նշում է․ «Առաջին հերթին՝ փրկված կյանքերն ու ՄԱԿ-ի պես հզոր կառույցի կողմից 2014 թվականին մեզ տրված գնահատականը՝ «Տարվա հերոս»։ Բացի դրանից՝ «Լոռէ»-ի անդամների փորձառությունը պատճառ դարձավ, որ ՃԿՊԱ-ն ուսումնական ծրագրեր սկսի Ստեփանավանում։ Սա հնարավորություն տվեց շատ խելացի երեխաների կրթություն ստանալ։ Ինչ վերաբերում է կամավորական միավորումներին, ապա երկրաշարժից հետո դրանք ստեղծվեցին ինքնաբուխ եւ մեծ խթան դարձան հատկապես երիտասարդների համար։ Ուրախ եմ, որ, չնայած դժվարություններին, շատերը կազմավորումների լուծարումից հետո շարունակեցին իրենց գիտելիքը ներդնել ոլորտի պետական կառույցներում»։
Ներկայացնում ենք «Լոռէ» փրկարար ջոկատի հարուստ արխիվից երկու դրվագ։

Փրկարարական վարժանքները՝ 1990-ականներին

1991 թվականին «Փրկարարական ասոցիացիան» Ստեփանավանում անցկացրեց իր առաջին ուսումնական վարժանքը, որին մասնակցում էր 11 կամավոր ջոկատ ամբողջ հանրապետությունից։ Վարժանքի սցենարը բավական հագեցած էր․ ծավալվել էր մի քանի ուսումնական տեղամաս, որոնցում իրականացվում էին տարաբնույթ գործողություններ։ Կազմակերպիչները որոշել էին խառնել թիմերը, որպեսզի կամավորները սովորեն համագործակցված աշխատել։
«Լոռէ» ջոկատի տղաներն այդ օրը ցուցադրեցին՝ ինչպես բարձր հարկից պատգարակով իջնեցնել տուժածին։ Դա, ըստ երեւույթին, բարդ ու դեռեւս Հայաստանում նախադեպը չունեցող վարժություն էր։
Արմեն Առաքելյանը հիշում է՝ ինչպես էին դժվարությամբ կտորե պատգարակ գտել, որի մի մասը պատռված էր։ Փորձառու լեռնագնացներն օժանդակ պարանով ամրացրել էին պատգարակը, որ տուժածը հանկարծ չընկնի։ Քանի՜ այդպիսի ինքնաշեն պատգարակ են սարքել ձեռքի տակ եղածով։
Սպիտակի երկրաշարժից հետո Գերմանական կարմիր խաչի ընկերության մասնագետները դեռ երկար ժամանակ Ստեփանավանում էին եւ օգնում էին քաղաքի վերականգնողական աշխատանքներին։ «Լոռէ»-ի կամավորները նրանց մոտ էին աշխատում, իսկ աշխատավարձի փոխարեն ստանում փրկարարական գույք։ Հետագայում փորձի փոխանակման նպատակով տղաները եղան Շվեդիայում, Շվեյցարիայում,Գերմանիայում, Ֆրանսիայում։
Սկսվեց Ղարաբաղի ազատագրական շարժումը, ապա՝ պատերազմը։ Ջոկատից շատերը մեկնեցին ճակատ։ Նրանցից երկուսը՝ Ալիկ Քոչարյանն ու Հովհաննես Քալաշյանը, կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը։ Վերջինս արժանացավ «2-րդ աստիճանի մարտական խաչ» շքանշանի։

Սաչխերե քաղաքի երկրաշարժը

1991 թվականի ապրիլին Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցավ 4.5 մագնիտուդով երկրաշարժ։ Սպիտակի երկրաշարժից հետո դա իր մասշտաբով երկրորդն էր, թեպետ ավերածությունները Հայաստանի համեմատ քիչ էին։
Արմեն Առաքելյանի խոսքով՝ «Լոռէ» ջոկատը երկրաշարժի մասին տեղեկացավ հեռուստատեսությամբ, արագ ինքնակազմակերպվեց, եւ անհրաժեշտ գույքով, դեղամիջոցներով բեռնված երեք մեքենա՝ 20-հոգանոց անձնակազմով, մեկնեց Թբիլիսի, որտեղ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի կենտրոնն էր։ Ցուցումներ ստանալուց հետո հայ փրկարարները երկու օր շարունակ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ կատարեցին։ Ավելի ուշ նրանց միացան «Սպիտակ» եւ «Գյումրի» ջոկատները։
Կամավորների թվում երեք աղջիկ կար, որոնք զբաղվում էին առաջին օգնության եւ կենսապահովման հարցերով։ Սաչխերե քաղաքի ֆուտբոլի դաշտում վրանային հոսպիտալ էր բացվել, որտեղ էլեկտրականություն չկար։ Հայերը տրամադրեցին իրենց բերած գեներատորը։ Գլխավոր բժիշկը նույնիսկ զարմացել էր, թե ինչպես է հնարավոր միանգամից այդքան դեղամիջոց նվեր տալ։
«Վրացիներն առաջիններից էին, որ եկան մեզ օգնելու։ Մենք նրանց տվեցինք մեր պարտքը»,- ասում է Արմեն Առաքելյանը։
Կատարած աշխատանքի համար ջոկատը պարգեւատրվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հիմնադիր Անրի Դյունանի անվան փղոսկրե հուշամեդալով։
Վրաստանից վերադառնալուն պես «Լոռէ»-ն կազմակերպեց վարժանք Ձորագետի տարածքում՝ աղետի գոտում տեղ գտած թերությունները հետագայում բացառելու համար։
Լուսանկարում մի դրվագ է վարժանքի օրվանից։ Այս բոլոր մարդիկ տարբեր մասնագիտությունների տեր են, որոնք ապրում ու գործում են Հայաստանում եւ դրա սահմանից դուրս։ Նրանց միավորում է մի բան՝ հարազատ ջոկատի կարոտն ու մարդասիրությունը, որը երբեք ոչ մեկից չես սովորի։

Անի Անտոնյան
Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը
Հ.Գ. 911tert.am-ը մշտապես ներկայացրել է «Լոռէ» փրկարար ջոկատի գործունեությունը: Ահա որոշ հղումներ.
«Լոռէ» փրկարար ջոկատը ջրային դրոն է ձեռք բերել

«Լոռէ»-ն փոխանցում է իր փորձը

Բնապահպանական Ամանոր՝ «Լոռէ» ջոկատում

Ակտիվ ժամանց՝ արցախցի երեխաների համար

Էքստրեմալ հանգիստ՝ Ստեփանավանում