Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 410 կանչի են արձագանքել

Փրկարարները 410 կանչի են արձագանքել

1591
Տարածել

Մարտի 7-13-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 410 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 64 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 12 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 145 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Նոր նորք, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 96 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 139 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում», «Տարհանում եւ տուժածներին առաջին օգնության ցուցաբերում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ իրականացումը», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: