Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԴԱՇՏԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄՐՑՈՒՅԹ

ԴԱՇՏԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄՐՑՈՒՅԹ

865
Տարածել

Մայիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի պատվիրակությունը քննարկեցին համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։ Նախարարի առաջարկով կազմակերպվելու է դաշտային խոհանոցի մրցույթ՝ կիրառելով այս բնագավառում Գերմանիայի փորձը, ինչը թույլ կտա կատարելագործել տվյալ ծառայությունն ունեցող տարբեր գերատեսչությունների հմտությունները։

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանի խոսքով՝ Գերմանական կարմիր խաչի ընկերությունն այս ոլորտում բազմափորձ  է. արդեն 25 տարի «Գթության խոհանոց» ծրագրի բարեգործական ճաշարանում մոտ 400 սոցիալապես անապահով շահառուներին օրական մեկ անգամ տաք սնունդ է մատուցվում։ Ընկերությունն օժանդակելու է ԱԻ նախարարությանը մրցույթի կազմակերպչական հարցերում։ Ակնկալվում է նաև արտասահմանյան թիմերի մասնակցություն։ «Այժմ դաշտային խոհանոցի երկու կցորդիչները գտնվում են մեր մաքսակետում։ Դրանք Գերմանական կարմիր խաչի և Հայկական կարմիր խաչի ընկերության սեփականությունն են։ Առաջիկայում կստորագրվի համագործակցության հուշագիր, և անհրաժեշտության դեպքում այդ սարքավորումները կտրամադրվեն ԱԻ նախարարությանը»,- մանրամասնում է Արա Բարսեղյանը։

Նշենք, որ նախարարության երկու ստորաբաժանումներում՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչությունում առկա են դաշտային խոհանոցի երկանիվ կցորդիչներ՝ համապատասխան սպասքով և սարքավորումներով։ Դրանք կիրառվում են տարբեր ուսումնավարժությունների ժամանակ։

ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը հավելում է՝ փայտով և դիզվառելիքով աշխատող, 130 հոգու համար նախատեսված տեխնիկան տարիներ առաջ Այրումի սողանքային գոտում օրեր շարունակ սննդով ապահովել է մոտ 300 հոգու։ «Սնունդն ինքներս էինք պատրաստում, քանի որ խոհարարի հաստիք միայն ՔՈՓ թիմում ունենք։ Այսօր խոհանոցը գրեթե չի օգտագործվում, ամբողջովին չոր սննդի ենք անցել։  Մյուս գերատեսչությունների համեմատ, որոնք պարբերաբար դաշտային խոհանոցներ են ծավալում, մենք հմտանալու տեղ ունենք»,- ասում է ՀՆՓԱԻԿ պետը։

Մրցույթի կազմակերպման գործընթացին կանդրադառնանք առաջիկայում