Գլխավոր Վերլուծություն Խաղաղության գինը

Խաղաղության գինը

1991
Տարածել

Ապրիլի 2-ին մայրս զանգեց. հուզված էր: Հասկացա, որ ամեն ինչ գիտի, ստելն անիմաստ է: Դասակում միակ հեռախոսն ինձ մոտ էր, ամեն երեկո դիրքից մոտակա գյուղ էինք իջնում, սարքը լիցքավորում, որ ընտանիքների հետ խոսեինք: Մի օր Զոհրապն ու ես Մարտակերտ էինք գնացել՝ մեր կառավարման դասակի հետ խրամատ փորելու: Երբ բաճկոնիս հետեւից վերադարձա, չգտա ո՛չ հեռախոսը, ո՛չ գրպանիս «վերջին» փամփուշտը:

․․․«Հայկազով» հրետանային զորամասում քարշակի վարորդ էի։ Կիրակի էր, վերկացից շուտ սպաները ներս մտան, մեզ հանգստացնելով՝ ասացին, որ պատերազմ է։ Բոլոր կառավարման դասակները պիտի առաջնագիծ գնային։

Ասկերանում մարտական պատրաստության բերված հրանոթները սպասում էին հրամանի։ Երրորդ դասակի կրակոցներից հետո պիտի շտապ դուրս գայինք տարածքից, քանի որ այն տեսանելի էր հակառակորդին։ Դասակում չորս  տեխնիկա կար, իմ մեքենայի մարտկոցով բոլորը շարժի գցեցինք։ Ամբողջ ճանապարհին ղեկս էի համբուրում, որ մեզ վտանգի մեջ չթողեց։

Միացանք մյուսներին, ամբողջ գիշեր մեքենաներից արկեր էինք դատարկում։ Մարաղա գյուղի մեր դիրքերում թեժ մարտեր էին։ Մենք՝ երկրորդ դասակի երկրորդ հաշվարկը, 12 անգամ կրակեցինք, բոլորը՝ նշանակետին։ Մի պահ հիշեցի մեր դասերը, երբ սպաները մեզ նախատում էին անլրջության համար։ Պատերազմի ժամանակ ամեն մեկն ապացուցեց, որ իր գործի գիտակն է։

Արկերի պայթյունից Մարաղայի երկինքը միշտ լուսավոր էր։ Մի օր, երբ բոլորս ուշադիր հետեւում էինք առջեւում հակառակորդ ուժերի կուտակմանը, դիվիզիոնի հրամանատար, մայոր Մարատ Մաթեւոսյանն Աղդամի կողմից շարժ նկատեց։ Վտանգավոր խաղ էր․ անմիջապես նշանաթվերը ստացանք եւ շարքից դուրս բերեցինք շարասյունը։

Իրավիճակը խաղաղվեց, կամավորների ժամանելուց հետո մենք տեղափոխվեցինք Ծաղկաշեն։ Մարաղայում գործի անցավ թեթեւ տեխնիկան։

Կռվի առաջին օրերին ուտելիք ու ջուր չունեինք։ Հետո օգնությունը հասավ։ Դիրքեր գնալիս գլխումս նույն միտքն էր՝ ոչ մի զինվոր իրավունք չունի մահանալու․ նա պիտի ապրի, որ իր ժողովուրդն էլ ապրի։ Բայց ամեն օր շարունակում էին հաղորդել զոհվածների մասին։ Անգին էր ամեն զինվորի կյանքը, խաղաղությունն էր անգին։ Հրադադարը խեղդեց վրեժխնդրության ցավը։ Մեր դիվիզիոնը զոհ ու վիրավոր չունեցավ։

Ծաղկաշենում կիսաքանդ կառույցում էինք տեղավորվել, ընտանիքի պես էինք ապրում։ Մի անգամ գյուղի հովիվը մոտեցավ, թե՝ «Տղե՛րք ջան, գառն ընկել է փոսը, էլ չի ապրի։ Օգնե՛ք՝ դուրս բերենք, կմորթենք, երկու կիլոգրամ ինձ կտաք, մնացածը թող ձեզ հալալ լինի»։ 20 մետր խորությունից հանեցինք կենդանուն ու սեղան գցեցինք։ Շատ չանցած՝ եկավ գառան տերն ու կռիվ տվեց, թե ինչու ենք մորթել։ Բացատրեցինք եղածը, բայց հովիվն այդպես էլ իր մեղքը չառավ։ Բարեբախտաբար տերը սրտաբաց գտնվեց։

Աշտարակցի մի զինվոր ունեինք՝ Արարատը, դասակի փայտ բերողն էր։ Մի օր օգնության կանչ լսեցինք, բանից պարզվեց, որ ծառն է բարձրացել, կտրել ներքեւի ճյուղերը, ինքն էլ մնացել վերեւում։ Ծիծաղելով մեքենան մոտեցրինք, որ իջնելիս շատ չվնասվի։ Կրակ վառելը մի առանձին փորձանք էր։ Պատերազմի խառն օրերն էին, պայթյուն եղավ։ Բոլոր հերթափոխերը դուրս վազեցին ու վերցրին զենքերը։ Արարատն էր․ մի շիշ բենզինը փայտի վրա էր լցրել ու լուցկին վառել։

Ընկերոջս՝ Զոհրապի հայրը Թալիշում էր կռվել։ Մեզ տեսակցության եկավ, հերոս Քյարամից էր պատմում։ Զոհրապը նրա նման էր՝ անբացատրելի ձեւով ուժեղ ու հայրենասեր։ Հիշում եմ՝ ինչպես մենակ ուղղեց ամբարձիչից թեքված հրանոթի 20 տոննա կշռող փողը։ Մի օր էլ վարար գետն էր մտել ու մեծ հեռավորությունից գտել իր ծառայակից ընկերոջ կորցրած հրացանը։

Տարին փոխվեց․ հունվարի 17-ին պիտի զորացրվեինք։ Հորս ծնունդն էր, ամեն ինչ արեցի, որ նույն օրը տուն հասնեմ։ Օրեր անց զինկոմիսարիատում ասացին, որ տարվա լավագույն վարորդ եմ ճանաչվել։

Պատմությունն ու լուսանկարները՝ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալակիր, Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Հրաչյա Ավագյանի

Հոդվածաշարը նվիրվում է Ապրիլյան քառօրյա պատերազմը վերապրածներին

 

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյանի խոսքը. երգ կրակոցների փոխարեն 

Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գեւորգ Խաչատրյանի խոսքը. ճանապարհ դեպի դիրքեր