Գլխավոր Միջոցառումներ Պաշտպանական կառույցները՝ օրակարգային հարց․ վարժանքներ Տավուշում

Պաշտպանական կառույցները՝ օրակարգային հարց․ վարժանքներ Տավուշում

2758
Տարածել

Հունվարի 17-ին եւ 18-Ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Թեղուտ եւ Հաղարծին բնակավայրերում իրականացրել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Բնակավայրերի միջնակարգ դպրոցներում տեղադրված շչակների միջոցով կատարվել է բնակչության ազդարարում, պատսպարում, այնուհետեւ ծավալվել են տարհանման մարմիններ։ Բնակչությունը պատսպարվել է մասնավոր տների նկուղներում, դպրոցի անձնակազմը՝ շենքի ապահով վայրում։ Դրան հաջորդել է գործնական պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյանի խոսքով՝ արդեն հաստատվել է վարչության աշխատանքի 2022 տարեկան պլանը, որով բազմաթիվ վարժանքներ են նախատեսվում մարզի խոշորացված չորս համայնքի բնակավայրերում։

Թեղուտում եւ Հաղարծինում անցկացված ուսումնավարժության ժամանակ ուշադրություն է դարձվել նաեւ նախադպրոցական հաստատություններին։ «Երեխաների պատսպարման տարածք ապահովելու խնդիրը հրատապ է, պետք է թաքստոցների կառուցման հարցով համագործակցություն հաստատել միջազգային կազմակերպությունների եւ հիմնադրամների հետ։ Կառավարության այս տարվա սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսվում է ավելացնել պաշտպանական կառույցները»,-հավելեց բաժնի պետը։

Կիրանց եւ Գանձաքար գյուղերում մեկնարկել է նոր դպրոցների շինարարություն՝ անվտանգության նորմերին համապատասխան։ Դրանցից մեկը վթարային լինելու պատճառով սկսել էր փլուզվել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները