Գլխավոր Վերլուծություն Որոշ մարզերում ուժեղ ձնաբուք է․ Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

Որոշ մարզերում ուժեղ ձնաբուք է․ Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

2692
Տարածել

Հունվարի 10-17-ը Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում գտնվող հենակետը սպասարել է ավտովթարի երկու դեպք։ Տուժածներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Արգելափակման 6 ահազանգ է ստացվել, դուրս է բերվել 36 մեքենա՝ 60 ուղեւորով։ Նրանցից 9-ը՝ կանայք եւ երեխաներ, առժամանակ հանգրվանել են հենակետում՝ ցրտից պատսպարվելու համար։ Ձնաբուքն այս օրերին մեծ խոչընդոտներ է ստեղծում, օրվա ընթացքում տեղանքում ջերմաստիճանը հասնում է մինչեւ -20 աստիճանի։

Սյունիքի մարզում շաբաթը ձնառատ է եղել․ Աղվանիում հերթապահող փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16, Վերին Խոտանանում՝ 31, իսկ Տաթեւ գյուղի խաչմերուկում՝ 83 մեքենա։ Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արմեն Ավագյանի խոսքով՝ ուժեղ ձնաբուքը խնդիր է ստեղծում հատկապես Շինուհայր համայնքի խաչմերուկում եւ Գորայք-«Զանգեր» հուշահամալիրի ճանապարհին։ Մասնագետը հատկապես առանձնացրեց Մեղրիի ճանշինի օպերատիվ աշխատանքը, ինչի շնորհիվ դեպքերը բավական քչացել են։

Շիրակի մարզի Վարդաղբյուրի հենակետը ստացել է 6 ահազանգ, արգելափակումից դուրս է բերվել 15 մեքենա՝ 48 ուղեւորով, որոնցից 18-ը եղել է կին, 4-ը՝ անչափահաս։ Արգելափակումների հիմնական պատճառներն են՝ ձնաբուքն ու տեսանելիության բացակայությունը։ Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Վահագն Դանիելյանը նշեց՝ ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն օրուգիշեր մաքրում են ճանապարհը, սակայն այն վայրկենական լցվում է ձյունով։ Տեղանքում հերթապահող արագ արձագանքման ուժերը՝ փրկարար, ոստիկան, բուժաշխատող, ջանում են հնարավորինս շուտ հասնել դեպքի վայր եւ օգնել տուժածներին, կանխել հնարավոր վտանգները։

Արագածոտնի մարզի Քուչակի հենակետի փրկարարներն արձագանքել են 15 ահազանգի, դուրս է բերվել 18 մեքենա՝ 42 ուղեւորով։Նրանց թվում եղել է 11 կին եւ երեխա։

Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցք տանող ճանապարհին ծավալված հենակետը մեկ դեպքի է արձագանքել: Արգելափակված մեքենան դուրս է բերվել երթեւեկելի գոտի։ Այս պահին լեռնանցքի ճանապարհներին առկա է մերկասառույց։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ