Գլխավոր Վերլուծություն 14 ահազանգ. ժամանակավոր հենակետերն ամփոփում են շաբաթը

14 ահազանգ. ժամանակավոր հենակետերն ամփոփում են շաբաթը

2997
Տարածել

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ։ Տարբեր մարզերում ծավալված առաջին օգնության փրկարարական հենակետերը շարունակում են իրենց աշխատանքը։

Հունվարի 4-11-ը Շիրակի մարզի Աշոցքի հենակետը սպասարկել է երեք ահազանգ։ Արգելափակումից դուրս է բերվել 15 մեքենա՝ 14 ուղեւորով, որոնց մեջ եղել են կանայք եւ երեխաներ։ Արգելափակումների հիմնական պատճառը տեղ-տեղ առկա մառախուղն է։

Սյունիքի մարզի Աղվանիի հենակետի փրկարարաներն օգնություն են ցուցաբերել իրանցի վարորդին, որի մեքենան կողաշրջվել էր։ Տուժածին հանձնել են շտապօգնության բրիգադին։ Վերին Խոտանանի հենակետից կատարվել է մեկ ելք, փրկարարներն ու ճանապարհաշինական ընկերության հատուկ տեխնիկան քարշակել են կողաշրջված մեքենան։

Վայոց ձորի մարզի միջպետական ճանապարհին ծավալված հենակետը շաբաթվա ընթացքում գրանցել է 3 դեպք, օգնություն է ցուցաբերվել չորս քաղաքացու, որոնցից մեկն անվադողի խնդիր ունենալու պատճառով չի շարունակել ճանապարհը եւ գիշերել է հենակետում։ Մարզի ճանապարհները հիմնականում անցանելի են, ցածրադիր գոտիներում առկա է մառախուղ։

Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի հենակետի փրկարարները արձագանքել են արգելափակման 5 դեպքի։ Օրերս Ապարանի տարածաշրջանում առատ ձյուն է եկել, փրկարարներն առավել զգոն են։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցք տանող ճանապարհին գտնվող հենակետն արգելափակման մեկ դեպք է ունեցել։ Քաղաքացուն ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Լեռնանցքի ճանապարհն անցանելի է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ