Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2805
Տարածել

2021 թվականի դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 478 զանգ, որից 7-ը՝ հրդեհի վերաբերյալ: Հրդեհի դեպքերից մեկը գրանցվել է տրանսպորտում՝ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքում: Մյուս դեպքերը տեղի են ունեցել Ստեփանակերտում՝ կենցաղային նշանակության շինություններում եւ աղբանոցներում: Ոչ ոք չի տուժել:

Ճանապարհատրանսպորտաին պատահարի վերաբերյալ 2 կանչ է ստացվել: Փրկարարներն արագ արձագանքել են կանչերին եւ ցուցաբերել համապատասխան օգնություն: Ցավոք, մահվան ելքով ճանապարհատրանսպորտայյին մեկ դեպք է արձանագրվել դեկտեմբերի 19-ին, Մարակերտի շրջանում:

Շաբաթվա ընթացքում կենցաղային եւ սոցիալ-կենցաղային բնույթի 32 կանչ է գրանցվել: Փրկարարները բուժհաստատություն են տեղափոխել առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարել են 3 ելք: Վեց կանչով փրկարարները բացել են փակ դռներ:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ ծառայության սակրավորական խմբերը՝ Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի եւ The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, եւ 1 հրթիռ:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն