Գլխավոր Վերլուծություն Համայնք-երիտասարդություն․ ԱՌՆ համագործակցության նոր ձեւաչափ

Համայնք-երիտասարդություն․ ԱՌՆ համագործակցության նոր ձեւաչափ

3321
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այս տարվա մայիսից իրականացնում են «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար եւ դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը։ Բաղադրիչները երկուսն են՝ «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» եւ «Կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար»:

ԱՌՆԱՊ հիմնադրամի ծրագրի ղեկավարի օգնական Վահան Հարությունյանի խոսքով՝ առաջին բաղադրիչով նախատեսված աշխատանքն արդեն ավարտվել է։ Այն իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Մարդկային անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Բաղադրիչի նպատակն էր հզորացնել Ամասիա, Ալավերդի, Բերդ եւ Թումանյան խոշորացված համայնքերի դպրոցականների՝ համայնքին սպառնացող վտանգների, համայնքային խնդիրների բացահայտման ու գնահատման կարողությունները, նպաստել համայնքային պատասխանատվության զգացումի ձեւավորմանը, ամրացնել կապը երիտասարդների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ։ Բաղադրիչի շրջանակում վերապատրաստվել է 49 դպրոցի 141 ուսուցիչ, որոնք ստացած գիտելիքը եւ հմտություններն օգտագործել են իրենց դպրոցներում ԱՌԿ խմբակներ ձեւավորելու, ԱՌՆ թեմաներով նախագծային հետազոտություններ իրականացնելու եւ արդյունքները համայնքի ղեկավար կազմին եւ այլ շահագրգիռ կառույցներին ներկայացնելու համար:

Երկրորդ փուլում ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետները պարբերաբար առցանց խորհրդատվություն են տրամադրել դպրոցներին՝ թեմաների ընտրության, ուսումնասիրության իրականացման գործընթացի, տեղեկատվության հավաքագրման մեխանիզմների եւ այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել է մոտ 387 մարդ, այդ թվում՝ 320 աշակերտ:

Երրորդ փուլում նախագծային աշխատանք է ներկայացրել 36 դպրոց։ Դրանք գնահատելու համար ստեղծվել են դպրոցների ԱՌԿ խմբակների համակարգողներից կազմված հանձնաժողովներ, մշակվել են գնահատման ցուցանիշներ։ Գնահատման արդյունքում խրախուսական մրցանակներ են ստացել ամենաբարձր միավորներ հավաքած 6 դպրոց`

· Ամասիայի միջնակարգ դպրոցը՝ «Կարկտահարության վնասակար ազդեցությունն Ամասիա համայնքի վրա»

· Թումանյանի միջնակարգ դպրոցը՝ «Թումանյան քաղաքի 1-ին եւ 2-րդ թաղամասերն իրար կապող հատվածում առկա սելավատարի անմխիթար վիճակը»

· Բերդ համայնքի Մովսեսգյուղի միջնակարգ դպրոցը՝ «Մովսես գյուղի առաջնային առողջության պահպանման կենտրոնում անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը»

· Չինարիի միջնակարգ դպրոցը՝ «Չինարի գյուղի դպրոցում բուժկետի բացակայությունը»

· Ալավերդի համայնքի Կաճաճկուտի հիմնական դպրոցը՝ «Կաճաճկուտ գյուղում աղբահանության բացակայությունը»

· Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը՝ «Ալավերդի համայնքի N5 դպրոցի տանիքի անմխիթար վիճակը» թեմայով նախագծերի համար։

Նախագծային աշխատանք ներկայացրած բոլոր 36 դպրոցին տրամադրվել են 3-ական ОП-4 եւ 1-ական ОП-5 կրակմարիչ: Հաջորդ քայլը կլինի աշխատանքները դպրոցի ԱՌԿ խորհրդին եւ համայնքի ղեկավար կազմին ներկայացնելը։

«Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար» բաղադրիչը նաեւ մեկ այլ ուղղություն ուներ՝ «Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համատեքստում վարքագծի փոփոխության ռազմավարությունը/ճանապարհային քարտեզի մշակումը»։ Իրավիճակը գնահատելու եւ վերլուծելու արդյունքում կազմվում է ԱՌԿ ճանապարհային քարտեզ, ձեւավորվում է առաջարկությունների փաթեթ, որոնք ուղղված են դիմակայունության եւ կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) կարեւորության ընդգծմանը։ Մշակվում են գործողություններ՝ օրենսդրական դաշտը բարելավելու եւ բնակչության շրջանում վարքագծի փոփոխությանը նպաստելու համար»,- մանրամասնեց Վահան Հարությունյանը։

Արդեն իսկ իրականացվել է կարիքների գնահատում, մասնավորապես՝

· Մանրամասն ուսումնասիրվել են միջազգային եւ տեղական փորձը, օրենսդրական դաշտի բացերն ու կարիքներն ԱՌՆ եւ ԿՓՀ ոլորտներում։

· Կազմակեպվել են հարցազրույցներ մի շարք նախարարությունների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի, միջազգային եւ տեղական գործընկերների, ոլորտի անկախ փորձագետների հետ:

· Թումանյան, Ալավերդի, Ամասիա եւ Բերդ խոշորացված համայնքների դպրոցների անձնակազմի հետ անցկացվել են թիրախային քննարկումներ:

Նույն բաղադրիչով իրականացվել է նաեւ «ԱՌՆ համատեքստում սովորողների եւ ուսուցիչների շրջանում վարքագծի եւ գիտելիքների փոփոխության» ուսումնասիրություն, որի նպատակն էր գնահատել ծրագրի թիրախային դպրոցներում սովորողների եւ ուսուցիչների վարքագծի, գիտելիքների փոփոխությունը ծրագրի սկզբում եւ վերջում։

Հետազոտությունն իրականացնելու համար մշակվել էր 35 հարցից բաղկացած հարցաշար, որն ուղղված էր բացահայտելու

· մասնակիցների գիտելիքները՝ վտանգավոր երեւույթների, աղետների վերաբերյալ,

· մասնակիցների իրազեկվածությունն իրենց համայնքին բնորոշ վտանգների մասին,

· մասնակիցների պատրաստվածությունը՝ իրենց համայնքին բնորոշ վտանգներին դիմակայելուն

· ուսումնական հաստատության կողմից իրականացվող ԱՌՆ քայլերը,

· ԱՌՆ միջոցառումներին այդ ուսումնական հաստատության բազմակողմանի մասնակցությունը,

· ուսումնական հաստատությունում ԱՌՆ կրթության որակը,

· կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների ներգրավվածությունն ԱՌՆ միջոցառումներին եւ այլն։

Ծրագրի մանրամասներին պարբերաբար կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վահան Հարությունյանը