Գլխավոր Միջոցառումներ Լողանցում՝ նվիրված ջրագնդորդ Հենրիկ Հակոբյանի հիշատակին

Լողանցում՝ նվիրված ջրագնդորդ Հենրիկ Հակոբյանի հիշատակին

1978
Տարածել

Սեպտեմբերի 11-ին պրոֆեսիոնալ պարող, լողորդ Էրիկ Ստեփանյանը Սեւանա լճում իրականացրեց 4,4 կմ լողանցում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի։ Վերջինս իր մարզչի՝ Համիկ Հակոբյանի միակ որդին էր։

18-ամյա երիտասարդի խոսքով՝ լողավազանում պարապմունքները միապաղաղ էին անցնում, այդ պատճառով որոշեց իր հմտությունները Սեւանա լճում փորձել։ Լողով զբաղվում է 4 տարի, նաեւ ջրագնդակի ֆեդերացիայի անդամ է։ Հենց այստեղ էլ ծանոթացել է Հենրիկի հետ։ «Հենրիկը Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագն էր, խաղում էր 9 համարի գլխարկով։ Հիմա այդ համարով հանդես գալու պատիվն իմն է։ Լավ մարդ էր, լավ ընկեր, միշտ օգնում էր խորհրդով՝ լիներ ծանոթ թե անծանոթ։ Ծառայել էր Մարտակերտում, հենց այդտեղ էլ՝ զոհվել»,- մանրամասնում է էրիկը։

4,4 կմ տարածությունը մարզիկը հաղթահարեց 57 րոպեում։ Մտադրվել էր 7 կմ լողալ, սակայն մտերիմների խորհրդով՝ միանգամից նման ռիսկի չէր դիմել։ Լեռնային Գեղարքունիքի մաքուր օդին, լճի սառնությանն ու խորությանն անծանոթ մարդու համար դժվարությունները շատ են։ Խոստովանում է՝ ջրից դուրս գալուց հետո դեռ կես ժամ չէր կարողանում խոսել։

Հուսով է, որ նման մարզական միջոցառումներն ուժ կտան այն հերոսների հարազատներին, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանությանը։ Ավելի վաղ՝ հունիսին, սպորտային համալիրներից մեկում անցկացվել էր նաեւ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի առաջին հուշամրցաշարը։

Լողանցման ժամանակ Էրիկին ընկերակցեց Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի մոտորանավակավար-փրկարար, փ/ծ սերժանտ Գեւորգ Բադալյանը։ Նա ափ հասավ մարզիկից 10 րոպե անց։ Հեռավար լողի իր առաջին արդյունքից գոհ էր։

Փոքրուց Սեւանա լիճը Գեւորգի տարերքն է եղել։ Այդ պատճառով է ընտրել ջրափրկարարի մասնագիտությունը։ Էրիկի նախաձեռնությունն իր համար լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու 44-օրյա պատերազմին մասնակցած իր ընկերներին եւ կոլեգաներին։

Լողանցման անվտանգությունն ապահովեցին Սեւանի ջրափրկարարները։ Գեւորգը կատակում է՝ անհնար է խեղդվել, երբ նրանք կողքիդ են։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները