Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը՝ միջազգային հարթակներում

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը՝ միջազգային հարթակներում

1573
Տարածել

30 տարուց ավելի Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է Հայաստանի հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի ժամանակին եւ ճշգրիտ գնահատում եւ ուժեղ երկրաշարժերի կանխատեսում՝ սեյսմիկ, երկրաֆիզիկական, երկրադինամիկական, երկրաքիմիական, գեոդեզիական, դեֆորմացիոն, իոնոսֆերային եւ այլ պարամետրերով մշտադիտարկման միջոցով: Մշտադիտարկման ազգային դիտացանցի մի մասն ընդգրկված է տարածաշրջանային եւ համաշխարհային ցանցերի մեջ։

Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով՝ միջազգային համագործակցությունը բազմակողմանի է։ Ֆրանսիայի ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության եւ վերլուծության դեպարտամենտի (DASE) հետ համագործակցության արդյունքում Հայաստանի տարածքում տեղադրվել եւ շահագործվում են 6 սեյսմոմետր եւ գրունտի ուժեղ շարժումների սարքեր։ Տվյալները ստացվում են առցանց ռեժիմով։ Բացի դրանից՝ արդիականացվել է «Վայք» սեյսմիկ կայանների փնջի` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված ընդունող հանգույցը՝ ֆրանսիացի մասնագետների աջակցությամբ։ Այն թույլ է տալիս դիտարանում ստանալ ստորգետնյա ցնցումների գրանցումները (ալիքային պատկերը) իրական ժամանակում։ Գարնան սկզբին կսկսվեն «Վայք» սեյսմիկ կայանների փնջի համար նախատեսված՝ 22 440 եվրո ընդհանուր արժողությամբ նոր մարտկոցների տեղադրման աշխատանքները։ Նվիրատվությունը եւս ֆրանսիական կողմից է։

«Այս տարվա հուլիսին երկու կառույցներով պայմանավորվածություն ենք ձեռք բերել կիրառելու INSAR տեխնոլոգիա դեֆորմացիոն դաշտերի ուսումնասիրման համար, ինչպես նաեւ տեղադրել ինֆրաձայնային կայան՝ մթնոլորտային պայթյուններից ցածր հաճախականության ձայնային ալիքները հայտնաբերելու համար։ Ասպիրանտների փոխանակման պլաններ կան։ Ճիշտ է՝ մենք ունենք հագեցած տեխնիկական բազա եւ բանիմաց մասնագետներ, բայց դպրոց հիմնելու համար պետք է տասնամյակների պատմություն ու փորձ։ Այս առումով սեյսմոլոգիայի ոլորտում ֆրանսիական դպրոցը լավագույններից է»,- մանրամասնեց տնօրենը։

Ֆրանսիացիների հետ համագործակցության մեկ այլ կարեւոր ծրագիր է Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականա­յին գնահատմամբ նոր քարտեզի մշակումը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Դրա հիման վրա Քաղաքաշինության կոմիտեն սեյսմակայուն շինարարության նոր նորմեր է սահմանել։

Հայաստանը նաեւ Ամերիկյան երկրաբանական ծառայության Միջուկային պայթյունների արգելակման համապարփակ համաձայնագրի (CTBTO) անդամ է։ Այսօր Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում է գտնվում համաշխարհային սեյսմոգրաֆիկ ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանը, որն օգտագործվում է միջուկային գաղտնի պայթեցումները գրանցելու եւ դրանց վերահսկողությունն ապահովելու համար։ Այս ծրագրի շրջանակում հայ մասնագետները պարբերաբար վերապատրաստում են անցնում՝ պայթյունի ալիքային մշակման մասին պատկերացում կազմելու համար։ Ժամանակակից աշխարհում միջուկային զենքի փորձարկումներն արվում են հիմնականում երկրաշարժավտանգ տարածքներում՝ պայթյունը երկրաշարժի անվան տակ քողարկելու նպատակով։ Սոս Մարգարյանը հավատացրեց՝ բնակչությանը մոլորության մեջ գցելը հեշտ է, սակայն մի բան հստակ է՝ մարդը երբեք չի կարող բնության չափ ուժ ստեղծել։ Նույնիսկ ամենամեծ ատոմբային ռումբը 4 մագնիտուդից ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի կարող առաջացնել։

Երկու տարի առաջ համաձայնագրի անդամ 9 պետության հետ միասին Հայաստանը մասնակցել է համակարգի գործունեության գնահատման աշխատանքներին եւ բարձր կարծիքի արժանացել՝ երեք տարի անընդմեջ «Գառնի» սեյսմիկ կայանի անթերի աշխատանքի համար։

Սերտ է համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի դաշնության գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության (ГС РАН) մասնագետների աջակցությամբ վերանորոգվել եւ վերագործարկվել է Գառնիի դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆը, պարբերաբար կազմակերպվում են կոնֆերանսներ։

Չեխիայի գիտությունների ակադեմիայի լեռնային եւ կառուցվածքային մեխանիկայի ինստիտուտի (IRSM AS CR) աջակցությամբ տեղադրվել է թեքաչափ, որի միջոցով չափվում են երկրակեղեւի հորիզոնական դեֆորմացիաների փոփոխությունները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախանշան:

Սոս Մարգարյանի տեղեկացմամբ, ծառայությունը վերջերս ՀՀ կառավարությունից դիտացանցի արդիականացման համար գումար է ստացել, որով նախատեսվում է արդիականացնել 15 դիտակետ։ Գումարի մի մասով գնվելու են հիդրոերկրաքիմիական սարքեր՝ Հայաստանում առկա 8 հորատանցքում հանքայնացված ջրերի շուրջօրյա մոնիթորինգ իրականացնելու համար՝ որպես երկրաշարժի կանխանշան։ Սարքերը հավանաբար ձեռք կբերեն Գերմանիայից, ինչը նույնպես առարկայական համագործակցության սկիզբ կդնի։

Սերտ է կապը հատկապես Ճապոնիայի հետ՝ ի դեմս Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ Ասիայի աղետների ռիսկի նվազեցման կենտրոնի (ADRC): Հայաստանը 20 տարուց ավելի ADRC-ի անդամ է, սեյսմոլոգիայի ոլորտի հայ հետազոտողները (visiting researcher) պարբերաբար այցելում են Ճապոնիա՝ փորձի փոխանակման նպատակով։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության ուսումնական բաժնի պետ Սյուզաննա Կակոյանը հետազոտողներից մեկն է եղել, ուսումնասիրել է աղետների ուսուցման ոլորտը։ Նրա խոսքով՝ ճապոնական կողմը, ըստ ընտրված թեմայի, կազմակերպում է մասնակցի այցը տարբեր պետական ու մասնավոր կառույցներ , որպեսզի վերջինս ավելի լավ ըմբռնի կիրառվող գործիքներն ու աշխատանքը։

«Հայաստանի համետատ՝ Ճապոնիայում հանրային իրազեկման ոլորտում հիմնական տարբերությունը ծավալն է։ Պետականից մինչեւ մասնավոր բոլոր կառույցները պարտավորվում են այս կամ այն կերպ աղետների մասին ուսուցում իրականացնելու։ Շատ կիրառելի են սիմուլյացիոն սենյակները, որտեղ մարդն իրականին մոտ զգում է երկրաշարժի, քամու, անձրեւի եւ այլ երեւույթների ազդեցությունը։ Ժամանակին մենք նույնպես ունեցել ենք ցնցումների բազա, սակայն ցավոք, այն դուրս է եկել կիրառությունից»,- նշեց Սյուզաննա Կակոյանը։

Երկրորդ մեծ տարբերությունը հասարակության վերաբերմունքն է անվտանգության հարցերին։ Բոլորի սմարթֆոնները միացված են վաղ ազդարարման համակարգին, ինչի միջոցով նրանք միանգամից իրազեկվում են երկրաշարժի մասին։ Իրազեկման ուղղությամբ օպերատիվ աշխատում են նաեւ հեռուստատեսությունները։ Սյուզաննայի խոսքով, եթե կա խնդիր, ճապոնացին դրանք արագ լուծում է, հատկապես եթե հարցը վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը։

Առաջիկա համատեղ ծրագրերին դեռ կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ