Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արցախի անտառներում հրդեհի վտանգ կա․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Արցախի անտառներում հրդեհի վտանգ կա․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3318
Տարածել

Օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է 2001 զանգ:

Հրդեհի մասին 59 հաղորդումից երեքը բռնկվել է բնակելի շինությունում, մեկը՝ տրանսպորտում, հինգը՝ աղբանոցներում եւ աղբակույտերում: Մյուս բոլոր կանչերը եղել են չոր խոտածածկերում եւ անտառային գոտիներում բռնկված հրդեհի մասին: Կրակի խոշոր օջախներ կան Մարտակերտի շրջանի Տոնաշեն եւ Ասկերանի շրջանի Պատարա համայնքներին հարակից անտառածածկ տարածքներում: Հրշեջ-փրկարարներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, կրակը նահանջել է, բայց չի դեռ չի մեկուսացվել։

Շաբաթվա ընթացքում գրանցվել է 79 տեխնածին եւ 54 կենցաղային պատահար: Վեց ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է 4 քաղաքացի: Փրկարարները շտապօգնության հերթապահ բժիշկների օգնությամբ տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ:

Սակրավորական խմբերը հայտնաբերել եւ վնասազերծել են 11 հրթիռ, կասետային 63 հրթիռ, թնդանոթի 1 արկ եւ 12 պայթուցիչ:

Ավելի քան երկու շաբաթ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը դժվարության առջեւ է կանգնեցրել բնակչությանը։ Սաստիկ շոգի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ փրկարարները շարունակում են խմելու ջուր մատակարարել բոլոր թաղամասերում, որտեղ ջրի պակաս կա:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում իրականացրել են 5 ելք: Զինադադարից հետո առայսօր տարհանվել է 1647 աճյուն։