Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ուսումնական հաստատություններում կստեղծվեն ԱՌԿ խորհուրդներ

Ուսումնական հաստատություններում կստեղծվեն ԱՌԿ խորհուրդներ

2464
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարների համատեղ հրամաններով հաստատվել են նախադպրոցական, հանրակրթական, նախնական, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման գործիքակազմեր՝ ութ բաղադրիչով. աղետների ռիսկի կառավարման՝ ԱՌԿ պլանների մշակման մեթոդական ուղեցույց, ԱՌԿ պլանների օրինակելի ձեւ, տարածքի սխեմատիկ պատկեր եւ հատակագծի օրինակելի ձեւ, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցի օրինակելի ձեւ, ազդարարման եւ տեղեկատվության փոխանակման սխեմայի օրինակելի ձեւ, տարհանման պլանի օրինակելի ձեւ, ըստ բնորոշ աղետների գործողությունների ստանդարտ ընթացակարգերի օրինակելի ձեւ, տվյալների հավաքագրման, խոցելիության, վտանգների բացասական հետեւանքների, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների, կարողությունների բացահայտման եւ ռիսկի հաշվիչ:

Այս հարուստ գործիքակազմով աշխատելու համար, ուսումնական հաստատություններում ձեւավորվելու են աղետների ռիսկի կառավարման խորհուրդներ: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ԱՌԿ խորհրդում ներգրավվում են մանկավարժներ, ծնողներ, հնարավորության դեպքում՝ ոլորտային մասնագետներ, հանրակրթական դպրոցներում՝ մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, հնարավորության դեպքում՝ ոլորտային մասնագետներ, բուհերում՝ դասախոսներ, աշխատակազմի աշխատողներ, ուսանողներ, հնարավորության դեպքում՝ ոլորտային մասնագետներ:

Համատեղ հրամաններով հաստատված գործիքակազմերը ներառում են աղետների ռիսկի կառավարման հարցերի ողջ շրջանակը: Մասնավորաբար. ԱՌԿ պլանները պետք է ունենան մի շարք բաժիններ՝ «Նախաբան», «Ընդհանուր նկարագիր», «Արտակարգ իրավիճակներում գործողություններ. ազդարարում եւ իրազեկում, տարհանման եւ պատսպարում, հրդեհաշիջում, առաջին օգնություն, առաջին հոգեբանական աջակցություն, ճառագայթային վտանգի դեպքում պաշտպանություն, քիմիական վտանգի դեպքում պաշտպանություն, ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պաշտպանություն» եւ այլն:

Կամ՝ ըստ բնորոշ աղետի գործողությունների ստանդարտ ընթացակարգը սովորեցնում է, որ պետք է շարժվել հետեւյալ հաջորդականությամբ. տարհանում-հաշվառում-առաջին օգնություն-հոգեբանական աջակցություն-շինության ուսումնասիրություն-տարածքի պահպանում-կենսաապահովման կազմակերպում եւ այլն:

ԱՌԿ խորհուրդներում պետք է լինի ոլորտային հինգ խումբ. ազդարարման եւ տեղեկատվության փոխանակման, հրդեհային անվտանգության, առաջին օգնության, առաջին հոգեբանական աջակցության, հաշմանդամություն ունեցող ուսանողների/աշակերտների/երեխաների հարցերի:

ԱՌԿ խորհուրդները տարեկան առնվազն երկու նիստ կանցկացնեն: Ըստ իրավիճակի եւ անհրաժեշտության, կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ