Գլխավոր Միջոցառումներ Ցուցադրական վարժանք՝ Օպերային թատրոնում

Ցուցադրական վարժանք՝ Օպերային թատրոնում

2311
Տարածել

Ապրիլի 23-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ըստ սցենարի՝ թատրոնի բեմահարթակի կենտրոնական հատվածում առաջացել է հրդեհ։  Բեմահարթակի տախտակամածը փայտից է, եւ բաց դռներից եկող միջանցիկ քամին նպաստում է կրակի արագ տարածմանը։ Իջեցվում է բեմահարթակի հակահրդեհային վարագույրը, թատրոնի ամբողջ անձնակազմը տարհանվում է։ Կատարվում է հրդեհաշիջում։ Կա չորս տուժած, որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական վնասվածքներ։ Տուժածները դուրս են բերվում ծխապատ տարածքից պատգարակի եւ պարանների միջոցով, իսկ շտապօգնության աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ցուցաբերում են համապատասխան օգնություն։ Ընդհանուր  վարժանքին ներգրավված էր 58 հոգի՝ փրկարար ծառայողներ, ճանապարհային ոստիկանության, շտապօգնության, «Վեոլիա ջուր» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչներ։ Տուժածի դերում հանդես էին գալիս Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները։

Վարժանքի ընթացքին հետեւում էին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, այլք։

Նախարարը գոհունակություն հայտնեց ու մատնանշեց, որ անօդաչու սարքերի կիրառումը վարժանքների ժամանակ հետախուզության եւ իրազեկման առումով նոր հնարավորություններ է տալիս։ Իսկ տարբեր թեմաներով վարժանքները միմիայն ամրապնդում են  գերատեսչությունների միջեւ համագործակցությունը։

Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արեւիկ Երիցյանը խոսեց դեպքի վայրում հոգեբանական օգնության տրամադրման ընթացակարգից։ «Լրացվում  են տուժածի տվյալները, որեւէ սարքավորում կիրառելուց առաջ անպայման հաշվի են առնվում հակացուցումները։ Հոգեբանական օգնությունը կարող է լինել շարունակական, եթե քաղաքացին նման ցանկություն է հայտնում։ Տեղում արձագանքման ուժերին տրամադրում ենք նաեւ էքստրեմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ, որը կօգնի նրանց  հմտությունների բարելավմանը»,- մանրամասնեց բաժնի պետը։

Փորձագետ Արփինե Արգուշյանը ներկայացրեց առաջնային սթրեսի նվազեցմանը, հոգեբանական հարմարեցմանն ու հաղթահարմանը նպաստող սարքավորումները՝ «ռիթմ-թռիչքը», որը ձայնային եւ լուսային ազդակների խթանման սարք է՝ հագեցած հատուկ լուսադիոդներով եւ երաժշտական ծրագրով, եթերայուղերի գոլորշիացման սարքը, որի յուրաքանչյուր բույր ունի ուրույն ազդեցություն նյարդերի վրա,  համակարգչային աուդիովիզուալ համակարգը, որը մոբիլիզազնում կամ հանգստացնում է մարդուն։

Վարժանքին հրավիրված էր նաեւ Եվրոպական հանձնաժողովի «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի երկրորդ բաղադրիչի («Բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետության բարելավում») ղեկավար Սեսիլիա Ուներամը։ Որպես նախկին հրշեջ եւ Շվեդիայի հրդեհային դպրոցներում երկարամյա մանկավարժ՝ ԵՄ ներկայացուցիչը բարձր գնահատեց փրկարարների պրոֆեսիոնալիզմը։ «Չեմ տեսել, որ Շվեդիայի որեւէ հանրային վայրում, օրինակ՝ օպերայում, նման վարժանք կազմակերպվի։ Ինձ համար շատ զարմանալի էր։ Ինչ վերաբերում է ուսանողների ներգրավվածությանը, ապա Շվեդիայում մենք ունենք երիտասարդական միավորումներ, որոնք օգնում են հրշեջներին արձագանքման ժամանակ։ Շատ ուրախացա՝ տեսնելով, որ տարբեր շվեդական ծրագրերով Հայաստանին տրամադրված գույքը, սաղավարտները, հրշեջ-մեքենան այսօր կիրառելի է։ Կարծես ինձ տանը զգացի»,- անկեղծացավ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հայաստանում արդեն ձեռք է բերել շատ ընկերներ, որոնք ուղեկցությամբ վայելում է հայ ժողովրդի հյուրընկալությունն ու Երեւանյան տաք գարունը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ