Գլխավոր Ուսուցողական նյութեր ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

795
Տարածել
Emergency services personnel are shown at the entrance to Tekhnologichesky Institut metro station in St. Petersburg, Russia, April 3, 2017. A least 10 people were killed Monday in an explosion on the subway in St. Petersburg, Russian news agencies reported. (Peter KovalevTASS via Getty Images)

Ապրիլի 3-ին, 14:30-ի սահմաններում, երբ ուսանողները դուրս են գալիս բուհերից, պայթյուն է գրանցվել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոպոլիտենի «Սենայի հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարաններն իրար կապող հատվածում: Զոհվել է 14, վիրավորվել՝ 49 մարդ: Բոլոր զոհերն ուսանողներն են: Ռուսաստանի իշխանությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկություն ու «տաք հետքերով» հայտնաբերել ահաբեկչին՝ Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ղրղզ, 22-ամյա Ակբարջոն Ջալիլովին: Ըստ ռուսական հատուկ ծառայությունների՝ երիտասարդը Սանկտ Պետերբուրգի բնակիչ է, աշխատել է խոհարար, սակայն հայտնի չէ, թե որտեղ է եղել վերջին մեկ տարում: Նա հաճախ է Սանկտ Պետերբուրգ-Բիշքեկ ավիաչվերթով այցելել հայրենիք, ապա վերադարձել Ռուսաստան, վերջին անգամ վերադարձել է Մոսկվայով: Այս և մեկ տարի «կորած» լինելու հանգամանքը իրավապահներին հիմք են տալիս ենթադրելու, որ ահաբեկչական մի կառույց նրան հավաքագրել է մեկ տարի առաջ, ու Մոսկվայում վերջին նախապատրաստական հանդիպումն է եղել: Ռուսաստանյան մետրոպոլիտենում իրականացված վերջին ահաբեկությունը հենց Մոսկվայում էր՝ 2010 թվականին: Զոհվեց 41 մարդ:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո մեկ այլ կայարանում՝ «Ապստամբության հրապարակ», հայտնաբերվեց ինքնաշեն պայթուցիկ սարք, որը վնասազերծվեց: Մետրոյի 6 կայարան փակվեց, սակայն ժամեր անց մետրոն արդեն աշխատում էր իր սովորական չվացուցակով: Իսկ քաղաքի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ նախաձեռնվեցին: Քաղաքային իշխանությունը հայտարարեց, որ զոհերի ընտանիքները մեկական միլիոն ռուբլի կստանան, տուժածները՝ 250-500 հազարական ռուբլի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, իսկ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուչկովին: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները, և խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին: Դավիթ Տոնոյանն էլ անկեղծ ցավակցություն, զորակցություն և համերաշխություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին:

Բնական էր, որ պայթյունի թեման չէր իջնում լրատվական միջոցների առաջին էջերից: Ու բոլորն էին հավաստում արագ արձագանքման ծառայությունների արդյունավետ աշխատանքը: Հատուկ ուշադրություն էր դարձվում պայթյունից  տուժած գնացքի մեքենավարին: Մեքենավարը պայթյունի ձայնը լսել էր, բայց գնացքի ընթացքը չէր խաթարվել, ուղևորները նրան հաղորդել էին, որ տուժածներ կան, սակայն նա չէր կանգնեցրել գնացքը և հասցրել էր հաջորդ կայարան: Եթե կանգներ թունելի մեջ, հնարավոր է, չհաջողվեր գնացքը նորից շարժել տեղից, իսկ թունելից տարհանումը կդժվարացներ փրկարարների աշխատանքը, չի բացառվում նաև, որ տուժածների մի մասին փրկել չհաջողվեր:

Բարձր մակարդակի վրա է եղել նաև փրկարարական ծառայությունը: Դեպքի վայր է ժամանել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 1000 մարդ, օգտագործվել է 300 միավոր տեխնիկա, «Աղետների բժշկության համառուսաստանյան կենտրոնում» 27 անհետաձգելի-անհապաղ վիրահատություն է արվել: Պայթյունի տարածքից տարհանվել է 1200 մարդ, օգտագործվել է ուղղաթիռ:

ՌԴ ԱԻՆ-ի ջանքերով Սանկտ Պետերբուրգ են տեղափոխվել տուժածների՝ այլ քաղաքներում ապրող ընտանիքների անդամները: 500 հոգի՝ տուժածի հարազատ և ականատես, հոգեբանական աջակցություն է ստացել: Մետրոպոլիտենի աշխատանքի խափանվածությունը չեզոքացնելու համար կազմակերպվել է ավտոբուսային 5 ժամանակավոր երթուղի՝ 160 ավտոբուսով, քաղաքային իշխանության պաշտոնական կայքում և քաղաքային այլ ծառայությունների կայքերում օպերատիվ կերպով թարմացվում էին տուժածների մասին տեղեկությունները, բացվել էին «Թեժ գիծ» հեռախոսահամարներ:

Զոհերին հետ չես բերի, բայց արագ արձագանքման ծառայությունների արդյունավետ աշխատանքը բացառեց խուճապն ու խառնաշփոթը:

 

Հ.Գ. Լրատվամիջոցները գրում են պետերբուրգաբնակ Անի Սաֆարյանի մասին: Աշխատանքային օրերին Անին սովորաբար երեխաներին դպրոց է տանում մետրոյով ու ժամը 14:00-ի սահմաններում (պայթյունի ժամն է) անցնում հենց այն ուղիով, որտեղ պայթյունն է եղել: Պայթյունի օրը, սակայն, Անին, ինքն էլ չգիտի, թե ինչու, այլ ուղի է ընտրել: Պայթյունից չեն տուժել ոչ նա, ոչ նրա երեխաները: «Երևի մայրական բնազդն է»,- լրագրողներին ասել է Անին: