Գլխավոր Միջոցառումներ Սեղանի թենիսի մրցաշար՝ ԱԻՆ-ում

Սեղանի թենիսի մրցաշար՝ ԱԻՆ-ում

2475
Տարածել

Սեպտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարության մարզադահլիճում փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջեւ անցկացվեց սեղանի թենիսի երկրորդ առաջնությունը։ Մասնակիցները 14-ն էին՝ գրեթե բոլոր մարզերից։

Փրկարար ուժերի վարչության Փրկարարական վարժանքների եւ փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի հրահանգիչ, փ/ծ կապիտան Մասիս Մնացականյանը բարձր գնահատեց մարզիկների պատրաստվածությունն ու տրամադրվածությունը։ «Որոշ ջոկատներ իրենց ուժերով ստեղծել են սպորտով զբաղվելու պայմաններ, ինչը շատ գովելի է։ Մրցաշարի արդյունքները դրական էին, հնարավոր է՝ սեղանի թենիսի թիմ ձեւավորելու առաջարկ լինի»,- նշեց հրահանգիչը։

Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, լեռնափրկարար, փ/ծ ավագ սերժանտ Նարեկ Ղազարյանն այս տարի պահպանեց առաջատարի տիտղոսը։ Մյուս մրցանակային տեղերը զբաղեցրին Արտաշատի ՀՓՋ հրշեջ, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ սերժանտ Հովհաննես Հովակիմյանը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Կարեն Դանիելյանը։

Առաջատար, 31-ամյա Նարեկի սպորտային նախասիրությունները շատ են՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, թենիս։ Լավ մարզավիճակում մնալուն օգնում են ընկերները, որոնց «գնդակ» գլորելու առաջարկից հրաժարվելն անհնար է, հատկապես՝ ծանր աշխատանքային օրվա ավարտին։ Տարեսկզբից ջոկատը մեծ թվով հրդեհի կանչեր է սպասարկել, թենիսով զբաղվելու ժամանակ գրեթե չի եղել։ Սակայն, երիտասարդ մարզիկի խոսքով, ձեռքերը հիշողություն ունեն։ Կարեւորն ինքդ քեզ հավատաս։

Երրորդ մրցանակային տեղին արժանացած 41-ամյա Կարեն Դանիելյանը ժպիտով նշում է՝ մրցաշարում հաղթեց երիտասարդությունը։ Նախկին ըմբշամարտիկ եւ ֆուտբոլիստ փրկարարը փորձում է ամեն ազատ րոպեն սպորտին նվիրել։ Սեղանի թենիսն ավելի է նախընտրում, քանի որ այս սպորտաձեւը մարզում է բոլոր մկանները, բարելավում տեսողությունն ու զարգացնում արագ կողմնորոշվելու ունակությունը։ 11 տարի փրկարար ծառայությունում է․ ծանրաբեռնված ճանապարհներին անզիջում վարորդների հետ «կռիվ» տալով՝ դեպքի վայր է հասցնում հերթափոխի տղաներին։ Ասում է՝ ամեն մարդ պետք է սիրի եւ հարգի իր աշխատանքը՝ առանց որեւէ ակնկալիքի։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ