Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները

Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները

2169
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ ավելի քան 348 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 75 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ ահազանգ:

Փրկարարները 105 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Արաբկիր, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում կամ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել: Փրկարարները օձին բռնել եւ տեղափոխել են անվտանգ տարածք: Արգելափակված 30 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 52 մարդ:

Այլ կանչեր. Երեւանի Կենտրոն, Արաբկիր եւ այլ վարչական շրջաններում փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։ Իսկ մայրաքաղաքի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Ազդարարում, պատսպարում, տարհանում», «Անձնակազմի գործողությունները օդային տագնապի ժամանակ», «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ: