Գլխավոր Վերլուծություն Հուլիսի արտակարգ դեպքերը

Հուլիսի արտակարգ դեպքերը

2655
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հունիսին իրականացրել են 3 578 ելք: 2 075 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 571՝ կենցաղային կանչ, 169՝ կեղծ ահազանգ, 763՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ելքերի քանակը նվազել է 743-ով:

Արտակարգ դեպքերից զոհվել է 329 մարդ (այդ թվում՝ 6 կին, 3 երեխա), տուժել` 13 423 մարդ (այդ թվում՝ 231 կին եւ 145 երեխա): Փրկարարները 21 մարդու կյանք են փրկել:

Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում, 2019 թվականի հունիսի համեմատ, արձանագրվել է եւ՛ զոհվածների, եւ՛ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 280-ով եւ 12 300-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 92,8 տոկոս, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պահատարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 1387 ահազանգ (2019 թվականի հուլիսին՝ 2464 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 1030 դեպքում (2019 թվականի հուլիսին՝ 2098 դեպք): Հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 726 դեպք: Սա, սակայն, 858-ով պակաս է քան 2019 թվականի հուլիսին:

Բացի բուսածածկ տարածքներից, կրակի բաժին են դարձել նաեւ. աղբ՝ 70, առանձնատուն՝ 50, բնակելի շենք՝ 35, տրանսպորտային միջոց՝ 30, կրպակ-տնակ-անտոտնակ՝ 16, անասնակեր՝ 3 եւ այլն: 100 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 146 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 2020 թվականի հուլիսին գրանցվել է հրդեհի վերաբերյալ 111 կեղծ ահազանգ:

Հուլիս ամսին հրդեհների 64,3 տոկոսը՝ 662 դեպք, գրանցվել է քաղաքներում, 35,7 տոկոսը՝ 368 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հուլիս ամսվա հա­մեմատ քաղաքային համայնքներում հրդեհների քանակը նվազել է 702-ով, գյուղական համայնքներում՝ 366-ով: Երեւանում գրանցվել է 446 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 133 հրդեհ, ամենաքիչը Շիրակը՝ 10 հրդեհ: Ըստ համայքների. ամենաշատը տուժել են Կոտայքի եւ Արմավիրի քաղաքները՝ 44-ական, ամենաքիչը Տավուշի քաղաքները՝ երեք հրդեհ: Հրդեհներից ամենաշատը տուժել են Արարատի գյուղերը՝ 86, ամենաքիչը՝ Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի գյուղերը՝ չորսական հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի հուլիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 429 ահազանգ են ստացել՝ 17-ով ավել քան 2019 թվականի հուլիսին: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 20, տուժել՝ 562 մարդ: 2019 թվականի  հուլիսի համեմատ նվազել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակը, համապատասխանաբար 11-ով եւ 33-ով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 53 տոկոս (228 դեպք) բախումներն են: 77 դեպք՝ մարդկանց վրաերթ, 60 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 64 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է 358 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 370 մարդ: 2019 թվականի հուլիսի համեմատ թունավորումների դեպքերը նվազել են 150-ով, դրանցից տուժածների քանակը՝ 145-ով, իսկ զոհվածների թվաքանակն աճել է 2-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 92 դեպք, քիմիական նյութեր՝ 79, դեղորայք՝ 37, սննդամթերք՝ 28, շմոլ գազ՝ 10 եւ այլն: Թունավորումների առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 180 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 77 դեպք, ամենաքիչը Վայոց ձորը՝ 3 դեպք:

Կորոնավիրուս

Մարտ ամսից հանրապետությունում բռնկված կորոնավիրուսի համաճարակից հուլիս ամսին զոհվել է 296, տուժել՝ 12 480 մարդ:

Այլ դեպքեր

2020 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 42 հարձակում (38-ը՝ արջերի, 4-ը՝ գայլերի), 12 ուժեղ քամի, 11 ուժեղ կարկուտ, 11 փլուզում, 9 տեղատարափ անձրեւ, 4 քարաթափում, 3 կայծակ, 3 դարափուլ (փլվածք, նստվածք), մեկական սելավ, հեղեղում, անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս