Գլխավոր Վերլուծություն Հունիսի արտակարգ դեպքերը

Հունիսի արտակարգ դեպքերը

2549
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի հունիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հունիսին իրականացրել են 3067 ելք՝ 769-ով պակաս քան 2019 թվականի հունիսին: 1602 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 526՝ կենցաղային կանչ, 169՝ կեղծ ահազանգ, 770՝ այլ դեպք:

Արտակարգ դեպքերից զոհվել է 340 մարդ (այդ թվում՝ 6 կին, 2 երեխա), տուժել` 16 937 մարդ (այդ թվում՝ 176 կին, 113 երեխա): Հաջողվել է փրկել 8 մարդու կյանք: Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում, 2019 թվականի հունիսի համեմատ, արձանագրվել է եւ՛ զոհվածների, եւ՛ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 296-ով եւ 15 882-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակաշրջաններում արտակարգ դեպքերի զգալի մասը` 92,9 տոկոս (1403 դեպք) հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

2020 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 1078 ահազանգ (2019 թվականի հունիսին՝ 2055 ահազանգ), հրդեհ է գրանցվել 827 դեպքում (2019 թվականի հունիսին՝ 1701 դեպք):

Ինչպես եւ ամռան այլ ամիսների, հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 561 դեպք: Սա, սակայն 762-ով քիչ է քան 2019 թվականի հունիսին:

Բացի բուսածածկ տարածքներից կրակի բաժին են դարձել նաեւ. աղբ՝ 68 դեպք, առանձնատուն՝ 39, տրանսպորտային միջոց՝ 35, բնակելի շենք՝ 34 եւ այլն: 46 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 103 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 2020 թվականի հունիսին գրանցվել է հրդեհի վերաբերյալ 102 կեղծ ահազանգ:

Հունիս ամսին հրդեհների 66,7 տոկոսը՝  552 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 33,3 տոկոսը՝ 275 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հունիսի հա­մեմատ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 627-ով, գյուղական հրդեհներինը՝ 247-ով:

Երեւանում գրանցվել է 365 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 128 դեպք, ամենաքիչը Գեղարքունիքը՝ 7 դեպք: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Արմավիրի քաղաքները՝ 42 հրդեհ եւ Արարատի գյուղերը՝ 92: Ամենաքիչը տուժել են Գեղարքունիքի եւ Տավուշի քաղաքները՝ երեքական եւ Գեղարքունիքի գյուղերը՝ չորս հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի հունիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 360 ահազանգ են ստացել՝ 62-ով պակաս քան 2019-ի հունիսին: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 178 դեպք, բախումներն են: 58 դեպք՝ մարդկանց վրաերթ, 63 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 61 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

ՃՏՊ-ներից զոհվել է 19, տուժել՝ 444 մարդ: 2019 թվականի հունիսի համեմատ նվազել է եւ՛ զոհվածների թվաքանակը եւ՛ տուժածներինը, համապատասխանաբար 17-ով (47,2 տոկոս) եւ 159-ով (26,4 տոկոս):

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է թունավորման 216 դեպք, զոհվել է 3, տուժել՝ 227 մարդ: 2019 թվականի հունիսի համեմատությամբ թունավորումների քանակը նվազել է 206-ով, տուժածներինը՝ 213-ով: Զոհվածների թվաքանակը մնացել է անփոփոխ:

Թունավորումների հիմնական պատճառներն են. 59 դեպք` քիմիական նյութեր, 46 դեպք` ալկոհոլ, 28 դեպք` դեղորայք, 7 դեպք` սննդամթերք, 5 դեպք` շմոլ գազ եւ այլն: Երեւանում գրանցվել է 89 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 53 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորն ու Սյունիքը՝ մեկական թունանվորում:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված COVID-19 կորոնավիրուսի համաճարակը դեռ չի նահանջում: Հունիսին այս վարակից զոհվել է 314, տուժել՝ 16 259 մարդ:

Այլ դեպքեր

2020 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 31 հարձակում (27՝ արջեր, 3՝ գայլեր, 1՝ աղվես), 17 ուժեղ կարկուտ, 9 ուժեղ քամի, 4 փլուզում, 4 ջրահեղձում, 2 քարաթափում, 2 տեղատարափ անձրեւ եւ այլն:

Հրապարակումը  պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս