Գլխավոր Սպիտակ-30 Բժիշկները՝ աղետի գոտում

Բժիշկները՝ աղետի գոտում

615
Տարածել

Սպիտակի երկրաշարժին հաջորդող օրերին անգնահատելի էր բժիշկների աշխատանքը։ Կուբանից երեք բրիգադ վիրաբույժներ առաջինը ժամանեցին Հայաստան՝ բեռնված անհրաժեշտ դեղորայքով, դոնորական արյան պաշարով, 6 նյարդավիրահատական և վիրաբուժական սարքավորումների փաթեթով։ Էջմիածնի կենտրոնական հիվանդանոցում նրանք մոտ 80 վիրահատություն կատարեցին։ Բժիշկներից ոմանք աշխատում էին հենց էպիկենտրոնում՝ բարդ պայմաններում։ Կաթողիկոս Վազգեն Առաջինը հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության համար կուբանացի մասնագետներին պարգեւատրման արժանացրեց։

Փորձառուների կողքին աշխատում էին նաեւ Կուբանի բժշկական համալսարանի կամավոր ուսանողները։ Պահպանված գրառումների համաձայն՝ նրանց ուժերով 500 մարդու կյանք է փրկվել։ Ապագա բժիշկների ուշադրության կենտրոնում առանց տանիքի մնացած կանայք, երեխաներն ու տարեցներն էին, որոնք մրսածություն, թոքերի բորբոքում, զանազան վնասվածքներ ունին։ Հարյուրավոր մարդկանց վարակազերծման ծանր գործն ուսանողների ուսերին էր․ համաճարակի վտանգ կար։ Երկու օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 8-9-ը, Կուբանի 1100-ից ավելի քաղաքացի արյուն հանձնեց՝ որպես օգնություն Հայաստանի աղետյալներին։

Անմասն չմնացին նաեւ Երեւանի բժշկական համալսարանի ուսանողները։ Комсомольская правда պարբերականի հատուկ թղթակից Նիկոլայ Վարսեգովն իր հուշագրություններում պատմում է Երեւանի մարզադաշտում գործունեություն ծավալած անհետաձգելի եւ մասնագիտացված բուժօգնության երկու բրիգադների մասին, որոնց օգնում էին հայ ուսանողները։ Օրվա մեջ ուղղաթիռները քանիցս վիրավորներ էին տեղափոխում Երեւան։

Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, որն այդ տարիներին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի միկրովիրաբույժն էր, վերհիշում է երկրաշարժին հաջորդած երկու սարսափելի գիշերները, հարյուրավոր վիրավորներին։ Հայ կոլեգաներին օգնության եկան բժիշկներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Վրաստանից։ Սկզբում մասնագետները պայքարում էին վիրավորների վերջույթները պահպանելու համար, սակայն շուտով հասկացան, որ այդ համատարած քաոսում մարդկային կյանքն է առաջնահերթ։ Սպիտակի երկրաշարժի պատճառով 140 հազար մարդ  հաշմանդամություն ձեռք բերեց։ «Փլատակներից մեկամյա աղջկա դուրս բերեցինք՝ անգիտակից վիճակում։ 6 օր նա իր մահացած մոր գրկում էր եղել։ Մենք նրան կյանք վերադարձրինք եւ ուղարկեցինք Լենինգրադի մանկական կլինիկա։ Զարմանալի է, թե որքան քիչ բան գիտենք մարդկային հնարավորությունների մասին»,- իր զրույցներից մեկում պատմել է բելառուս բժիշկ Սերգեյ Ժիդկովը։

Կամավոր բժիշկները շատերին երկրորդ կյանք նվիրեցին, պայքարելու եւ արարելու հնարավորություն։ 

Երկրաշարժն ավերեց ամեն ինչ, բայց եւ սկիզբ դրեց ժողովուրդների միջև իսկական բարեկամության։ Լավագույն օրինակներից է օսեթ վիրաբույժ Ազամատ Կուդզաեւը, որը 2016 թվականին՝ երկրաշարժից 28 տարի անց, հանդիպում ունեցավ իր հիվանդների հետ։