Գլխավոր Վերլուծություն Ինչպես անվտանգ վերաբացել դպրոցները

Ինչպես անվտանգ վերաբացել դպրոցները

3416
Տարածել

Նոր համավարակի պատճառով 188 երկրում փակվել են ուսումնական հաստատությունները, ինչը մեծ վտանգներ է պարունակում։

Կառավարություններին օժանդակելու նպատակով UNESCO-ն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ UNICEF-ը, Պարենի համաշխարհային ծրագիրը՝ WFP-ը եւ Համաշխարհային բանկը մշակել են դպրոցների անվտանգ վերաբացման ուղեցույցներ։

Արդեն հաստատված փաստ է, որ որքան երկար են մեկուսացված երեխաները մնում դպրոցից դուրս, այնքան պակասում է նրանց՝ դպրոց վերադառնալու հավանականությունը: Դպրոցների երկարատեւ փակումը խաթարում է դպրոցում մատուցվող կենսական ծառայությունների` իմունականխարգելման, դպրոցական սննդի, հոգեկան առողջության եւ հոգեբանական աջակցության ծրագրերը, կարող է առաջացնել սթրես եւ անհանգստություն՝ պայմանավորված հասակակիցների հետ շփման բացակայությամբ եւ սովորական ռեժիմի խախտմամբ։

Դպրոցները վերաբացելիս անհրաժեշտ է հաշվի առնել՝ որքանով է կարեւոր դասարանային պայմաններում ուսուցումը (օրինակ՝ խաղերի միջոցով ուսուցիչ-մանկահասակ երեխա անմիջական շփման անհրաժեշտությունը), արդյոք մատչելի եւ հասանելի է բարձր որակի հեռավար ուսուցումը, արդյոք հեռավար կրթությունն ապահովում է ուսման առաջադիմություն եւ սոցիալական-հուզական բարեկեցություն, որքանով են ուսուցիչները պատրաստ եւ ունակ հարմարվելու ուսուցման տարբեր մոտեցումների, ինչ կարողություններ ունի դպրոցն անվտանգ աշխատանք ապահովելու եւ ռիսկերը մեղմելու համար, ինչպես են աշակերտները հասնում դպրոց եւ վերադառնում տուն եւ այլն։

Դպրոցների անվտանգ վերաբացման համար պետք է կիրառել 6 առանցքային ուղղություն` գործողությունների ծրագիր, ֆինանսավորում, գործողությունների անվտանգ կազմակերպում, ուսուցում, առավել մեկուսացվածների ընդգրկում եւ բարեկեցություն եւ պաշտպանություն:

Նախքան դպրոցների վերաբացումն անհրաժեշտ է

  • Մշակել դպրոցական կրթության բարելավմանն ուղղված անհրաժեշտ կարեւոր գործողությունների ծրագրեր, ընթացակարգեր եւ ֆինանսական պլաններ, որոնք կենտրոնանում են գործողությունների անվտանգ կազմակերպման, ներառյալ՝ հեռավար ուսուցման պրակտիկայի ամրապնդման վրա:
  • Ապահովել դպրոցները բացելու մասին որոշման հստակ հանրային իրազեկում: Կարող է առաջանալ դպրոցներն աստիճանաբար վերաբացելու անհրաժեշտություն` սկսելով վարակի փոխանցման ամենացածր ցուցանիշ եւ ամենացածր տեղայնացված ռիսկ ունեցող տարածքներից: Դպրոցների վերաբացումը կարող է նաև լինել փուլային, օրինակ` սահմանափակվելով շաբաթական մի քանի օրով կամ միայն որոշակի դասարանների համար:
  • Մշակել ֆիզիկական հեռավորության ապահովման միջոցառումների վերաբերյալ հստակ եւ հասկանալի կանոններ, այդ թվում` արգելել խոշոր կուտակում ենթադրող միջոցառումները, սահմանել դպրոցական օրվա փոփոխվող սկիզբ եւ ավարտ, սնվելու՝ ընդմիջման փոփոխվող ժամեր, դասերն անցկացնել ժամանակավոր տարածքներում կամ բացօթյա, նաեւ՝ հերթափոխով։
  • Մշակել հիգիենիկ միջոցառումների հստակ կանոններ ձեռքերի լվացման, պաշտպանիչ միջոցների օգտագործման, տարածքների մաքրման աշխատանքների եւ սննդի անվտանգ պատրաստման համար։
  • Մշակել դպրոցների ջրամատակարարման, կոյուղու եւ ջեռուցման համակարգերում հրատապ ներդրումներ կատարելու ծրագիր։ Առաջնահերթություն տալ դպրոցները մանրազնին մաքրելու եւ ախտահանելու համար նյութերի, արտակարգ իրավիճակներում գործելու ծրագրերի եւ ֆոնդերի ծախսերին:
  • Վերապատրաստել եւ աջակցել ուսուցիչներին ուսուցումը հեռավար եղանակով կազմակերպելու եւ դպրոցների փակ լինելու ընթացքում աշակերտներին սատարելու համար։
  • Ուսուցչական կադրերի արտահոսքը կանխելու եւ նրանց բարեկեցությունն ապահովելու համար երաշխավորել նրանց վարձատրությունը առանց ընդհատումների։
  • Դիտարկել միանվագ դրամաշնորհների տրամադրումն առավել մեկուսացված դպրոցներին եւ աշակերտներին, ուշադրության դարձնել նախկինում դպրոց չհաճախող, տեղահանված/միգրանտ եւ ազգային փոքրամասնությունների երեխաների համար կրթության հասանելիությանը։

Երբ արդեն հաջողվել է վերաբացել ուսումնական հաստատությունները, անհրաժեշտ է շարունակել առողջության ցուցանիշների մշտադիտարկումը՝ շեշտը դնելով երեխաների բարեկեցության ու պաշտպանության վրա, ապահովել մաքրման եւ ախտահանման աշխատանքների ինտենսիվությունը եւ հաճախականությունը, ավելացնել ներդրումները հեռավար ուսուցման մեջ եւ ուսուցիչների մասնագիտական զարգացման համար նախատեսել լրացուցիչ ֆինանսավորում, դիտարկել նվազ կարեւոր, օրինակ` փոխադրման քննություններից հրաժարվելու հարցը՝ ռեսուրսները կենտրոնացնելով կարեւոր՝ դպրոցի ավարտական կամ բուհի ընդունելության քննությունների կազմակերպման վրա, կիրառել ուսուցիչներին աջակցելու նորարարական մեթոդներ՝ վերապատրաստման առցանց դասընթացներ, թրեյնինգներ եւ այլն, առաջնահերթ ֆինանսավորում տրամադրել վերականգնողական նոր կարիքներին աջակցելու համար, մասնավորապես՝ սոցիալապես անապահով աշակերտների, ապահովել ուսումնական նյութերի եւ հարթակների, տեղեկատվության, ծառայությունների եւ հարմարությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, մշակել ծրագրեր դպրոցների վերափակման դեպքում օժանդակ ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար եւ այլն:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ