Գլխավոր Վերլուծություն Ադանայից՝ Կիրովական․ դեգերումի ճանապարհ

Ադանայից՝ Կիրովական․ դեգերումի ճանապարհ

2053
Տարածել

1915 թվականին թուրք զինվորները մտնում են Յոզղաթ նահանգի Րումտիկին հայկական գյուղը։ Ասեղնագործ դրամապանակի դիմաց քուրդ հարեւանն իր տան նկուղում մեկ օրով ապաստանում է բրուտագործ Կարայան ընտանիքի 10 աղջկա: Օրեր շարունակ թուրքից փախչելով՝  հյուծված գաղթականները խաշխաշի սերմ են ուտում ու թունավորվում։ Ողջ է մնում միայն Վերժինեն։

Յոթ եղբորից փոքրին՝ Արշակին, Վերժինեի աչքի առաջ էին սպանել։ Որպես հիշատակ՝ քույրը վերցրել էր եղբոր մազափունջը, որը մասունքի պես պահեց մինչեւ կյանքի վերջ։ Ճանապարհին՝ աքսորյալների քարավանում, աղջիկը հանդիպում է Կոմիտասին։ Վարդապետին առաջարկում են փախչել եւ փրկվել մահից։ «Եթե իմ ժողովրդին աքսորում են, ես էլ պիտի հետը գնամ», — մերժում է Կոմիտասը:

Ադանայում Վերժինեն գտնում է իր զարմուհուն եւ մի հայ կնոջ օգնությամբ հասնում Բեյրութ։ Սկսում են ձեռագործությամբ զբաղվել եւ իրենց աշխատանքները շատ էժան վաճառել ամերիկացի միսիոներներին։ Հենց նրանք էլ հայուհիներին հյուղակ են նվիրում, որտեղ շարունակում են ապրել եւ բարերարություն անել։

Բեյրութի նավահանգստում Վերժինեն հանդիպում է ֆիդայի Արղությաններից սերող Մկրտիչ Հովսեփյանին։ Վերջինս նավահանգստի աշխղեկն էր, 15 տարեկանում հորեղբոր հետ Հոկտեմբերյանի շրջանի Կողբավան գյուղից դեգերելով հասել էր Լիբանան։

Ամուսնանում են։ Բժշկի ախտորոշմամբ մայրանալու շնորհից զրկված Վերժինեն արու զավակ է ծնում՝ Իշխանին։ 1946 թվականին, երբ սկսվում է մեծ հայրենադարձությունը, Մկրտիչն առանց երկմտելու կապում է ճամպրուկը, հարեւանին պահ տալիս իր տունը, 100 ձկնատեսակով լի ավազանը, խոշոր «ճութերով» խաղողի այգիներն ու ընտանիքով վերադառնում  հայրենիք։

Հաստատվում են Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), վարկ վերցնում, քարը քարին դնում, տուն սարքում։ Հետպատերազմյան դժվար տարիներ էին, բայց Վերժինեն ամեն օր սպիտակ ալյուրից թխած հաց էր տալիս պատշարներին։ Գեղեցիկ կին էր, Բեյրութից հետը 100 զգեստ էր բերել, որոնք տրիկոտաժի ֆաբրիկայի բրիգադիր Վարյային վաճառեց։ «Շատ դժվար է հոս ազնիվ մնալը»,- նեղսրտում էր Վերժինեն՝ հիշելով Վարյային, որը խաբեությամբ այդպես էլ չտվեց գումարի կեսը։

Թել ու ասեղի, կտորի ու մկրատի վարպետ էր. կարում-ձեւում էր ընտանիքի անդամների հագուստը, ասեղնագործում բարձի երեսներն ու հողաթափերը։ Հարեւան կանանց սուրճ խմել սովորեցրեց․ տեղացիները «լոբու պես» էին եփում հատիկավոր սուրճը։ Երբ պղնձե մեծ ամանով իր հարազատ երկրի թարխանա ճաշն էր պատրաստում, հավաքվում էր ողջ շրջապատը։ Մի օր Տեր Վազգեն քահանան, որն ընտանիքի մտերիմն էր, երախտագիտության փոխարեն խոնարհվում ու համբուրում է կնոջ ձեռքը։  «Տե՛ր հայր, մի ճաշն ի՞նչ է, որ ձեռքս կպաչես»,-ամոթխած ասում է Վերժինեն։

Հերիք է ծանոթ թե անծանոթ մեկը դռան շեմին երեւար, Մկրտիչը ոլորում էր հնդուհավի  վիզն ու մեծ սեղան գցում։ Ծառայության տարիներին սովի օրեր շատ էր տեսել։  Անդրանիկի ու Դրոյի զինվորն էր եղել։ Երբ մի անգամ Սիրիայում ծխախոտի գողության անհիմն մեղադրանքով նրան կախաղանի էին դատապարտել, մահից առաջ բղավել էր․ «Էստեղ մի հայ չկա՞, որ օգնի ինձ արաբերեն խոսել»։ Թափառականի բախտ․ մեկն արձագանքել էր ամբոխի միջից։ «Ես զինվորական եմ, բազմաթիվ մարտերի եմ մասնակցել։ Մի ծխախոտն ի՞նչ է, որ գողանամ»,- ցասումով հայերենով խոսել էր Մկրտիչը։

Աքսորից հետո երկար ժամանակ Հովսեփյանների տանն էր ապրում նրա ծառայակից ընկերը՝ Մախլուտոն։ Դժվարությամբ էր տեղաշարժվում՝ թեւն Ւշխանի վիզը գցած։ Երկու ֆիդային հաճախ նստում էին բակում, հիշում իրենց գլխով անցածը։

Իշխանը հասակ առավ, Լենինականից (այժմ՝ Գյումրի) կին բերեց բուժքույր Ազատուհուն, որի հետ Բեյրութում նույն մանկապարտեզն էր հաճախել։ Ազատուհու հայրը Յողբաշի հայտնի ցեղից էր, միակ մարդը, որ գաղթի տարիներին եբրայերենով Աստվածաշունչ էր կարդում։

Մկրտիչն ու Վերժինեն կյանքից հեռացան 10 տարվա տարբերությամբ՝ ժառանգներին թողնելով իրենց արմատների եւ Կոմիտասի հանդեպ մեծ սերը։

 

Պատմությունը՝ Վերժինե Կարայանի թոռ Մարիամ Հովսեփյանի

Լուսանկարները՝ Վերժինե Կարայանի ծոռ, ՃԿՊԱ դասախոս Անի Գեւորգյանի

 

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ