Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ահազանգերի 30 տոկոսը՝ ուժեղ քամուց հետո

Ահազանգերի 30 տոկոսը՝ ուժեղ քամուց հետո

646
Տարածել

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 450 ահազանգի են արձագանքել, որից ավելի քան

150-ը՝ հունիսի վեցին՝ երեկոյան ուժեղ քամուց հետո (քամու հետևանքների մասին՝ էջ 6): Շատ անգամ փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների և Կոտայքի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Գետերի ու լճերի ափերին կամ այլ վայրերում ցեխակույտի մեջ արգելափակված 3 մեքենա է հանվել երթևեկելի մաս: 23 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մամիկոնյանց փողոցում և «Մերգելյան» ինստիտուտի մատույցներում ագռավի ձագեր են ընկել բներից: Երկու դեպքում էլ հրշեջ-փրկարարները թռչուններին տեղափոխել են բույն: Սյունեցի փրկարարները Կապան քաղաքում Վաչագան գետից հանել են վիրավոր բազե և հանձնել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Գանձաքար գյուղի «Կապեր» կոչվող հատվածում քաղաքացին սահել և ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները մոտ 20 մետր խորությամբ ձորից անվնաս դուրս են բերել 49-ամյա մի կնոջ, որը հայտարարել է, թե չի սահել, փորձում էր ինքնասպան լինել: