Գլխավոր Վերլուծություն Փոքրիկների սիրելի բժիշկ Վարդանը

Փոքրիկների սիրելի բժիշկ Վարդանը

2432
Տարածել

Երկրում համավարակի տարածումը ստիպեց մեզ վերարժեւորել արագ արձագանքող ուժերի դերը: Այս օրերին բուժհաստատությունների պատերի ներսում են մնում բազմաթիվ հերոսական պատմություններ, հաճախ՝ անդեմ, անհասցե: Մասնագիտական պարտք է՝ կասեն բուժաշխատողները: Ի նշան երախտագիտության՝ որոշեցինք գրի առնել մի քանիսն ու ներկայացնել մեր ընթերցողին:

Երեւանի շտապօգնության 6-րդ ենթակայանի բրիգադը՝ մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վարդան Մաթեւոսյանը, սրտաբան Դավիթ Մուրադյանը եւ համաճարակաբան Հռիփսիմե Մովսիսյանը, 13 օրով գործուղվել էին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն՝ մասնակցելու կորոնավիրուսի հայտնաբերման եւ վերահսկման միջոցառումներին: Այդ ընթացքում տեղական մանկաբույժին է այցելում ծնողն իր 19 օրական նորածնի հետ։ Նախնական թոքաբորբ ախտորոշմամբ փոքրիկի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

«Վերջույթները կապտել էին սուր թթվածնաքաղցից։ Միանգամից արհեստական շնչառության սարք միացրինք, սակայն շնչառությունը վերականգնել չհաջողվեց։ Թոքերում սննդի մնացորդների պատճառով մի քանի անգամ շնչափողի ինտուբացիա, լվացումներ կատարեցինք եւ անցանք սիրտթոքային վերակենդանացման։ Չորս ժամ հետո զարկերակն արդեն շոշափելի էր, եւ օրգանիզմում բավարար թթվածին կար»,- հիշում է փոքրիկին երկրորդ կյանք պարգեւած Վարդան Մաթեւոսյանը, որը նաեւ Բժշկական համալսարանի օրդինատոր է։

Նորածնային տարիքի առողջական վտանգները, նրա խոսքով, առաջանում են ծնողների անուշադրության եւ չիմացության պատճառով։ Կերակրումից անմիջապես հետո երեխային պառկեցնելն ամենատարածված սխալներից է, ինչից կարող է թոքաբորբ զարգանալ։ Մանկաբույժի ցուցումներին հետեւելը եւ առաջին օգնության տարրական կանոններ իմանալը ծնողի առաջին պարտականությունն է։

Հենց երեխաների հանդեպ մեծ սերն է կանխորոշել Վարդանի մասնագիտական ուղին։ Շտապօգնության ծառայությունում 8 ամիս շարունակ ամեն օր լարված հետեւում է՝ ինչպես են փոխվում իր փոքրիկ հիվանդների դիմախաղը, տրամադրությունը։ Մանկական ռեանիմատոլոգիայում ժամանակը կրկնակի կարճ է, այստեղ որոշումներն արագ են կայացվում։ Վստահեցնում է՝ չկա ավելի թանկ բան, քան առողջացած երեխայի ժպիտն ու խաղը, անկեղծ էմոցիաները։

Կորոնավիրուսի շուրջ ստեղծված խուճապը երիտասարդն անտրամաբանական է համարում։ Վերջին շրջանում շտապօգնությունը գերծանրաբեռնված է բազմաթիվ ահազանգերով, որոնք հիմնականում սովորական մրսածության ախտորոշմամբ են ավարտվում։ Բոլոր շնչառական վարակներից պաշտպանության միակ հուսալի միջոցը, Վարդանի խոսքով, անվտանգության կանոնների պահպանումն է։

Ի պատասխան հարցին՝ արդյոք չի վախենում վարակվելուց, կատակում է՝ դրա ժամանակը չէ։ Արտակարգ դրության պատճառով հետաձգել է իր պսակադրության արարողությունը։ Հարսնացուն, իհարկե, ներողամիտ է․ չէ՞ որ բժշկի հետ է կյանքը կապել։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Վարդան Մաթեւոսյանը