Գլխավոր Վերլուծություն Ձեւավորվում է հայ-ամերիկյան «արտակարգ» համագործակցություն

Ձեւավորվում է հայ-ամերիկյան «արտակարգ» համագործակցություն

1228
Տարածել

Ամերիկայի միացյալ նահագների Լոս Անջելես քաղաքի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տնօրեն Արամ Սահակյանի հրավերով, 2019 թվականի դեկտեմբերի 16-21-ը, Լոս Անջելեսում էին Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ (այժմ՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ), փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի պատվիրակները հանդիպել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներին, որոնց մեջ եղել են նաեւ ազգությամբ հայեր: Քննարկվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը: Լոս Անջելեսն ու Երեւանը քույր քաղաքներն են, ուստի «արտակարգ» համագործակցությունը կտեղավորվի այդ տրամաբանության մեջ: Արմեն Հարությունյանի խոսքով, Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը տարբերվում է հայկականից: Օրինակ՝ բոլոր կանչերին փրկարարներին ուղեկցում են ոստիկանները, ողջ քաղաքում ամեն 200 մետրը մեկ հիդրանտներ կան եւ կարիք չկա ունենալ ջուր տեղափոխող մեքենաներ: Արմեն Գրիգորյանն էլ հավելում է, որ հրշեջները դրսից մարում են մինչեւ 5-րդ հարկի հրդեհները, բարձրահարկ շենքերն ունեն հրդեհաշիջման ներքին համակարգ, այդ շենքերի տանիքներին կան ուղղաթիռների համար հարթակներ եւ անհրաժեշտության դեպքում ուղղաթիռ կներգրավվի փրկարարական աշխատանքներում, այդ թվում՝ տարհանման համար: Բարձրահարկ շենքերի աստիճանավանդակը չի ծխալցվում, հրակայուն է եւ հրդեհի ժամանակ հուսալի ապաստարան: Հյուրանոցների համարներում, միջանցքներում, նախասրահներում փակցված են տարհանման պլանները: Լավ կլիներ, որ բարձրահարկ շենքերի կառուցման, տեխնիկական համալրման ամերիկյան չափանիշները ընդօրինակվեն, կարծում է Արմեն Գրիգորյանը: 

Բացի ուղղաթիռից ամերիկացի հրշեջների ու փրկարարների տրամադրության տակ կան հսկայական քանակության, տարբեր նշանակության գործիքներ, սարքեր ու հանդերձանք: Միայն Լոս Անջելես քաղաքը սպասարկում են 8 000 հրշեջ ու փրկարար, ողջ Հայաստանը՝ 3500 հրշեջ-փրկարար ու ի տարբերություն ԱՄՆ-ի, սահմանափակ տեխնիկական միջոցներով: Պատկերավոր ասած, Հայաստանում փրկարարական աշխատանքները մասնագետի որակների վրա են կառուցվում, իսկ ԱՄՆ-ում՝ համակարգային կառավարման եւ տեխնիկայի: Արմեն Հարությունյանի խոսքով, նաեւ սա նկատի ունենալով մերոնք առաջարկել են փորձի փոխանակման ծրագրեր կազմակերպել երկու կողմի համար էլ: Եթե ամերիկացիները կարող են նորարարական մեթոդներին ծանոթացնել, հայկական կողմը կարող է ներկայացնել սակավ ռեսուրսներով ցանկալի արդյունք ստանալու հմտությունները: Ամերիկացիները սիրով համաձայնել են այս առաջարկին: Բացի վերապատրաստումներից, Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի ոստիկաններին եւ փրկարարներին. առաջին օգնության, անտառային հրդեհների մարման, բարձր անցողունակությամբ, գազածխապաշտպան ծառայության, ջրասուզական ծառայության ավտոմեքենաներ եւ այլն:

Արդյունավետ է աշխատում Լոս Անջելեսի ազդարարման համակարգը, որը արժե տեղայնացնել Հայաստանում: Քաղաքի բոլոր բնակիչներն ու հյուրերը ու անգամ նրանք, որոնց բջջային հեռախոսի ռոումինգ ծառայությունը միացված չէ՝ աղետի, պատահարի վերաբերյալ կարճ հաղորդագրություն են ստանում: Հաղորդագրությունն առանց կարդալու ջնջել հնարավոր չէ, պետք է անպայման կարդաս: Մեր պատվիրակների այցի օրերին քաղաքում երեխա էին գողացել, բոլորը ստացել են հաղորդագրությունը, ականատեսներն ահազանգել են 911 եւ երեխան շատ արագ գտնվել է: Արմեն Հարությունյանի խոսքով, ցանկություն կա ազդարարման նման համակարգ ստեղծել Հայաստանում, արդեն՝ հեռախոսային զանգի տարբերակով: Բաժանորդը աղետի կամ պատահարի մասին զանգ է ստանում, որը հնարավոր չէ անջատել: Պետք է մինչեւ վերջ լսես ու զանգն ինքնիրեն կանջատվի: Հայաստանի բջջային կապի բոլոր օպերատորներն արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ պատրաստ են ԱԻՆ հետ համագործակցության:

Ըստ Արմեն Հարությունյանի, ամերիկյան կողմի հետ արդեն ձեւավորվել է մշտական կապ եւ ամեն շաբաթվա վերջում կողմերը տեղեկություններ են փոխանակում քննարկված հարցերի վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի սեպտեմբերին Երեւան կայցելի Լոս Անջելեսի պատվիրակությունը եւ կստորագրվի ԱՌԿ ոլորտում համագործակցության հուշագիր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմեն Գրիգորյանը