Գլխավոր Վերլուծություն Լավատեսությունը` փրկարարի կյանքի ուղենիշ

Լավատեսությունը` փրկարարի կյանքի ուղենիշ

2417
Տարածել

 

Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլն ասել է. «Հրդեհի ու հրշեջ բրիգադի միջեւ հավասարության նշան կա»: Հիրավի, ռիսկը հայ հրշեջ-փրկարարի առօրյայի անբաժան մասն է, իսկ նրա աշխատանքի լավագույն գնահատականը` ստեղծել պայմաններ բարեկեցիկ կյանքի համար: ՀՀ կառավարության որոշմամբ` եռամսյակային պարգեւավճարից զատ՝ հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացել է մոտ 50 տոկոսով: Փոփոխությունների եւ ձեռքբերումների մասին պատմում են փրկարարները: 

Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Վալերիկ Հայրապետյանը ծառայում է 1994 թվականից: 25 տարի փրկարարությունն իր կենսակերպն է դարձել: 2016 թվականին հանրապետության լավագույն հերթափոխի պետն իրեն այլ մասնագիտության մեջ չի պատկերացնում: Միայն երբեմն մեղվապահությամբ է զբաղվում. մի գաղտիք կա` Ջերմուկի մեղրն ամենահամեղն է: Երկու զավակի հայր է: Որդին` Ռուդիկը, զինվոր է, Մարտակերտի զորամասերից մեկի լավագույն ծառայողներից: Հայրը սովորեցրել է չխուսափել պատասխանատվությունից. հայ զինվորին վախը չի սազում: Ասում է` ապրիլյան պատերազմից հետո մեր երիտասարդների ոգին ավելի է կոփվել: Որդու կարոտը 1,3 տարեկան թոռանից է առնում: Փրկարար ծառայության դժվարությունները, բազմաթիվ վտանգները, հրդեհներից մնացած սպիները Վալերիկ Հայրապետյանի բնավորությունը շատ են փոխել: Միայն սրտացավությունն է տարիների հետ խորացել. միեւնույն է, ուրիշի ցավ չի լինում: Թոշակառու ծնողներին է պահում, կինը չի աշխատում: Այդուհանդերձ լավատեսությունը չի կորցնում: Բարձրացված աշխատավարձով վառելիքի խնդիրը կլուծի, իսկ թոռան համար արդեն տաք հագուստ է գնել: 

Սիսիանի ՀՓՋ ջրասուզակ-փրկարար,փ/ծ ավագ/սերժանտ Գարիկ Գեւորգյանը հինգ երեխայի հայր է: Դուստրն Ագրարային համալսարանի ուսանող է, Երեւանում վարձով է բնակվում: Մեկ տարի առաջ զորացրված որդին աշխատանք է փնտրում, որը հորն օգնական լինի: Մայրաքաղաքում ուսանող պահելը դժվար է, սակայն ջանում է երեխաներին ոչնչից չզրկել: Հողամասում մշակաբույսեր է ցանում եւ վաճառքի հանում: Սիսիանի տարածաշրջանում հողը բերրի է, տեղում բերքի իրացումը` մեծ խնդիր, Երեւանի շուկա հասնելը` ոչ ձեռնտու: Բացի դրանից`շենքի տանիքն է կաթում: 1960-ականներին Շամբի հիդրոէլեկտրակայանի աշխատակիցների համար կառուցված բարձրահարկն առաջվանը չէ: Պետք է առաջնահերթ տանիքը վերանորոգել: 2001 թվականից ծառայությունում է: Լողալ սովորել է հարազատ Շամբի ջրամբարում, ապա կատարելագործվել Սեւանա լճում: Անկեղծանում է` թեպետ որդին մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել, սակայն նրա համար ավելի հեշտ եւ անվտանգ աշխատանք կնախընտրեր. ջրասուզակի գործը կրկնակի բարդ է եւ հոգեբանորեն ծանր: 

Արարատի ՀՓՋ հերթափոխի պետ, փ/ծ ավագ Վիրաբ Մնացականյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերջին կուրսի ուսանող է` հեռակա ուսուցմամբ: «Մեր տունը նախկին հրշեջ- մասի հարեւանությամբ էր, հայրս 24 տարի այդտեղ էր աշխատում: 2012-ին ինքս ընդունվեցի ջոկատ եւ որոշեցի բուհում գիտելիքներս ամրապնդել: Գիտելիքով դու ընկերներիդ շրջանում վստահություն ես ձեռք բերում, քո առաջարկները հաշվի են առնում. մենք մարդկանց փրկության հետ գործ ունենք, եւ բոլորս կյանքին լուրջ ենք վերաբերվում»,- նշում է երիտասարդ փրկարարը: Հատկապես հրդեհների ժամանակաշրջանում երեք որդիները հոր կարոտը շատ են զգում, լինում է` օրերով տուն չի վերադառնում: Առջևում ձմեռ է, Տիգրանաշենի` Քյարքի ոլորանները մերկասառույցով կպատվեն: Վթարների վտանգը շատանում է. պետք է զգոն լինել: Ծառայությունից մի դեպք է վերհիշում. երիտասարդ տղամարդը, որին հարբեցողության պատճառով զրկել էին ծնողական իրավունքներից, պատրաստվում էր ձորից մեքենայով ցած գլորվել: Երեք զավակի տեր լինելով` կարողացավ ինքնասպանության փորձ կատարողին լավագույնս հասկացնել իր արարքի հետեւանքը երեխաների համար եւ ի վերջո` հետ պահել նրան դժբախտ պատահարից: Վիրաբի առաջիկա մեծ նպատակը որդիների համար չորս պատ կառուցելն է: 

Երեւանի փրկարարական վարչության Հատուկ հրշեջ-ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Արթուր Պետրոսյանի պապն ու հայրը փրկարար ծառայողներ են եղել: Չխախտելով ընտանեկան ավանդույթը` 2014 թվականից ինքն էլ է ծառայում, զուգահեռ սովորում ՃԿՊԱ-ում` հեռակու ուսուցմամբ: 1,4 տարեկան որդու խնամքի, իր ուսման եւ տան վարձակալության ծախսերը երիտասարդի ուսերին են: Ասում է` դժվարությունները տղամարդու համար են, կարեւորը` երեխան անհոգ մանկություն ունենա: Երբեմն սոցիալական փաթեթի հաշվին երիտասարդ ընտանիքը հանգստի է մեկնում եւ թոթափում աշխատանքային ծանր շաբաթվա լարվածությունը: Բարձրացած աշխատավարձը կդառնա հոգսերի թեթեւացման լրացուցիչ օգնող գործոն:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ